09
Օգ
Մենք Ռուս Եկեղեցու հետ ունենք տարաձայնություններ ոչ այնքան քրիստոսաբանական հարցերում, այլ ավելի շատ դրանցից բխած հոգևոր արարողությունների մեջ. սրանց պետք է ավելացնենք նաև եկեղեցական օրացույցների միջև տարբերությունները, որոշ տոների և պահոց օրերի տարբերությունները և այլն։ Տարբերությունը իսկբանե կար, և խնդիրը Եկեղեցու հիմնադրման մեջ է։
Բոլորիս հայտնի է, որ Հայ Եկեղեցու ծագումը մ. թ. առաջին դարին է վերագրվում, մինչդեռ Ռուս Եկեղեցին հիմնադրվել է 10-րդ դարի վերջում միայն, այսինքն՝ Ընդհանրական Եկեղեցու բաժանումից երկար ժամանակ անց, երբ առկա էին այս կամ այն տարաձայնություններ որոշ աստվածաբանական հարցերում, և դրանց հետ կապված փոփոխություններ եկեղեցական օրացույցներում ու խորհուրդներում։ Բյուզանդական Եկեղեցուց նա ընդունել է ոչ միայն քրիստոնեական հավատքը, այլ նաև Քաղկեդոնի ժողովի կանոնները՝ դրա հետ կապված նաև Քաղկեդոնը չընդունող Եկեղեցիների նկատմամբ բացասական վերաբերմունքը։
Հայ Եկեղեցու առաքելական ծագման մասին արդեն իսկ վկայում է նրա անվանումը՝ Առաքելական, քանի որ նրա հիմնադիրներն են եղել Ս. Թադեոս և Ս. Բարթողիմեոս առաքյալները։ Նրանք կոչվում են նաև հայոց առաջին լուսավորիչներ։ Եկեղեցին պահպանում է նրանց սուրբ շիրիմները Արտազի (Մակու) սրբարաններում՝ Ս. Թադե վանքում (շրջան Վասպուրականում, այժմյան Իրանի տարածքում) և Աղբակում (Բաշկալե) (շրջան Վասպուրականում, այժմյան Թուրքիայի Վանի վիլայեթի հարավ-արևելյան մասում)։ Առաքյալների հետ այս անմիջական կապը վկայում է նրա մեկ սկզբնաղբյուրից՝ առանց որևէ այլ Եկեղեցու միջնորդության, բուն հնամենի ծագման մասին։
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քհն. Սարգսյան