22
Նոյ
Բարին Աստված է, այն սերն է, որով մարդը գիտակցաբար գնում է դեպի Տերը: Այն մարդը, ով իր սրտում սեր ունի, երբեք չի կարող վատ բաներ անել: Երբ մարդ Աստծով ներշնչված հոգեպես խաղաղ է, հավասարակշռված, չի կարող վատ բաներ խորհել, ինչ-որ մեկին վնասել, անարգել: Դրան հակառակը չարն է, որ Աստծո հետ կապ չունի:
Աստված չի ստեղծել ո՛չ չարությունը, ո՛չ էլ չարին: Ինչպես մութը լույսի բացակայությունն է, այնպես էլ չարը բարու բացակայությունն է: Չարն իր մեջ սեր չունի, որովհետև Աստվածաշունչն ասում է. սերը չի նախանձում, չի հայհոյում, չի բամբասում և այլն (տե՛ս՝ Ա Կորնթ. 13:4-7), իսկ ով սեր չունի` չար է, հետևաբար բամբասում է, սպանում, հայհոյում, անարգում, վերացնում այն, ինչ Աստված է ստեղծել: Չարը գիտակցաբար մերժում է բարուն: Այսինքն` ոչ թե չարն է գալիս, հայտնվում մարդկանց մեջ, այլ մարդիկ իրենց կամքով են չարանում՝ մերժելով բարին:
Օրհնությամբ՝ Տ. Անուշավան վարդապետ Ժամկոչյան