09
Օգ

Ինչո՞ւ Հայ Եկեղեցին կոչվում է Գրիգորյան կամ Լուսավորչական։ Գուցե պատճառը Գրիգորյան օրացո՞ւյցն է։ 

Հայ Առաքելական Եկեղեցին Լուսավորչական չէ՛։ Եվ օրացույցն անվան հետ կապ չունի։ Հարցը ռուսների քաղաքականության մեջ է։
Հայ Առաքելական Եկեղեցին քրիստոնեական հնագույն եկեղեցիներից մեկն է։ Նրա հիմնադիրներն են Քրիստոսի սուրբ Առաքյալները՝ Թադեոսն ու Բարթողիմեոսը, որ դեռ առաջին դարում Հայաստանում քրիստոնեություն էին քարոզել։ Արդեն այն ժամանակ Հայաստանում սկիզբ էին առել քրիստոնյաների առաջին համայնքները և տարածում գտել 2-3-րդ դարերում։ Այսպիսով, դեռ մինչև Ս. Լուսավորչի օրերը, հայերն ունեին հավատացյալներ, քահանաներ ու եպիսկոպոսներ։ Այդ մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ օտար պատմական աղբյուրները՝ Ագաթանգեղոսը, Մովսես Խորենացին, Փավստոս Բուզանդը, ինչպես նաև Սեբեոսը, Տերտուղիանոսը, Տատիանոսը, Կեսարիայի եպիսկոպոս Փիրմիլիանոսը, Եվսեբիոս Կեսարացին, Դիոնիսիոս Աղեքսանդրացին և Օգոստինոս Երանելին։


19-րդ դարի առաջին կեսին, երբ Արևելյան Հայաստանը միացվել էր Ռուսական կայսրությանը, 1836թ. կայսրական դիվանատունն ու Ռուս Ուղղափառ Եկեղեցին մշակեցին մի փաստաթուղթ, որ կոչվեց «Պոլոժենիե», կամ բառացի թարգմանությամբ՝ «Դրույթ Հայ Եկեղեցու մասին», որի համաձայն Հայ Եկեղեցին կոչվում էր «Լուսավորչական»՝ ի պատիվ Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Հայաստանի առաջին մկրտիչ կաթողիկոս–հայրապետի։ «Լուսավորչական» անվանումը 300 տարով կարճացնում էր Հայաստանի քրիստոնեական պատմությունը։ Ռուսները դա արել են հատուկ նպատակով, որպեսզի մեզ ուղղափառ չկոչեն, որպեսզի ցույց տան, թե իբրև թե հայերն առաքելական ժառանգություն չունեն և հավատն ընդունել են միայն Ս. Գրիգոր Լուսավորչից։ Սակայն եթե հետևենք ժամանակի ռուսների տրամաբանությանը, ապա Ռուս Եկեղեցին պետք է անվանել Վլադիմիրական, քանզի նա էր «մկրտել» Ռուսիան։


Մեր Եկեղեցին կոչվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի և պատկանում է Հնագույն Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ընտանիքին։

 


Օրհնությամբ` Տ. Ղևոնդ աբեղա Հովհաննիսյան