21
Հունս

Աստվածաշունչը մեզ պատվիրում է սուրբ պահել շաբաթ օրը: Իսկ մենք կիրակի ենք գնում եկեղեցի, մասնակցում Ս. Պատարագի: Արդյո՞ք մենք Աստծո խոսքը զանց չենք անում՝ շաբաթ օրվա փոխարեն կիրակին պահելով:

Սուրբ Առաքյալները, ընդունելով ուսմունքը հենց Քրիստոսից, ուսուցանում էին մարդկանց ոչ միայն խոսքով, այլ նաև՝ անձնական օրինակով: Հետևելով այդ օրինակին՝ առաքելական շրջանից կիրակին տոնում էին բոլոր քրիստոնյաները, քանզի այդ օրը հարություն առավ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս:


Պաշտոնապես Եկեղեցին հաստատել է կիրակի օրվա տոնակատարությունը՝ շաբաթ օրվա փոխարեն, 4-րդ դարի սկզբում՝ Լաոդիկիայի Տեղական ժողովի 29-րդ կանոնով. «Վայել չէ քրիստոնյաներին հրեաների նման վարվել և բանդագուշել և շաբաթ օրը անգործ մնալ, այլ գործել արժան է, բայց կիրակի օրը պատվել արժան է և հանգստանալ՝ որպես քրիստոնյաների. ապա եթե գտնվի մեկը, որ վարվում է հրեաբար՝ թող նզովյալ լինի»:


Սուրբ Հայրերը և Եկեղեցու Վարդապետները, ովքեր ապրում էին Լաոդիկիայի ժողովից շատ առաջ, ուղղակիորեն ասում են, որ քրիստոնյաները տոնում են հենց Քրիստոսի Հարությունը, և դրա համար նրանք պատարագի արարողությունը կատարում են հենց այդ օրը՝ միաշաբաթ, կիրակի, շաբաթվա առաջին օրը: Դրա մասին է գրել սուրբ մարտիրոս Հուստինոս Փիլիսոփան իր ջատագովական՝ քրիստոնյաներին պաշտպանող նամակում՝ ուղղված Հռոմի կայսրին: Դրա մասին է գրել Եկեղեցու աստվածաբան-ուսուցիչ Տերտուղիանոսը «Քրիստոսի մարմնի մասին» իր ջատագովական երկում:


Ուշադիր կարդացեք առաքյալի այս խոսքերը. «Ուրեմն, թող ոչ ոք ձեզ չդատապարտի ուտելու կամ խմելու, տոնական օրերի, նորալուսնի կամ շաբաթի հարցում, որոնք գալիք բաների ստվերներն են. բուն մարմինը Քրիստոսն է»:

 


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան