21
Հունս
Նախ` Հիսուս ասաց. «Եկա օրենքը լրացնելու»: Օրենքը կատարյալ էր, (այս մասին վկայում է նաև Ս. Պողոս առաքյալը), այն պահողները կատարյալ չէին, և մարդկային կյանքում այդ օրենքը կատարյալ կերպով չէին պահում: Քրիստոս Ինքը կատարյալ կերպով կատարեց օրենքի բոլոր պահանջները: Իսկ ինչ վերաբերում է շաբաթը խախտելուն, ապա այս հարցում հրեաները բազմաթիվ անգամներ մեղադրում էին Քրիստոսին, ինչպես և հիմա Սուրբ Եկեղեցու թշնամիները մեղադրում են քրիստոնյաներին շաբաթ օրվա փոխարեն կիրակին տոնելու մեջ: Դա նրանից է գալիս, որ շաբաթը պահելու պատվիրանը հրեաները տառացիորեն էին հասկանում: Այսինքն, կարևորում էին պարզապես օրը և ոչ թե այդ օրվա խորհուրդը:
Առաքելահաստատ բոլոր եկեղեցիները շաբաթը փոխեցին կիրակիի, որը Քրիստոսի Հարության օրն է, և սա էր հիմնական պատճառը: Մյուս կողմից, ոչ ոք չի կարող պնդել, որ մեր տոմարի շաբաթը համապատասխանում է այն ժամանակվա հրեական տոմարի շաբաթ օրվան: Այն ժամանակվա հրեական տոմարը բոլորովին այլ սկզբունքներով էր կազմվում: Եվ ճշգրիտ օրինապահությանը հետևելով, եթե նույնիսկ շաբաթ օրը պահենք այսօրվա տոմարով, ապա դա նույն հրեական տոմարի շաբաթ օրվան չի համապատասխանի: Խնդիրը կոնկրետ օրվա մեջ չէր, այլ` այդ օրվա խորհրդի: Իսկ շաբաթ օրվա պատգամը սովորեցնում է ոչ թե այդ օրը ոչինչ չանել, այլ` այդ օրն ապրել այնպես, ասես ոչինչ չունես, բացի Աստծուց: Հիմա մենք` քրիստոնյաներս, փորձում ենք այս պատվիրանը պահել կիրակի օրը: Խնդիրն օրը չէ, այլ՝ այդ օրվա խորհուրդը:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան