21
Հունս
Այս մեղադրանքն անընդհատ կրկնում են Եկեղեցու հակառակորդները՝ և աղանդավորները և Եկեղեցուց դժգոհ մարդիկ, և կառչում են այս տողի Ավետարանի կոնտեքստից դուրս իրենց հասկացողությունից, մատնացույց են անում մոմավաճառի սեղանին և բղավում են, թե՝ տեսեք, Եկեղեցին ինքն է խախտում Քրիստոսի պատվիրանը. ահա, եկեղեցում առևտուր են անում. դրանց պետք է խարզանով վռնդել եկեղեցուց:
«Իմ Հոր Տունը վաճառատան մի վերածեք» (Հովհ. 2:13-16) ասելով` Տերն ի նկատի ուներ, որ այդ առևտրի պատճառով Տաճարը վեր էր ածվել շուկայի. ապրանքի գնի և որակի շուրջ սակարկումների պատճառով խաթարվել էր Տաճարի աղոթական մթնոլորտը: Բացի դրանից` տաճարում դրամ էին փոխանակում, անասուն էին վաճառում զատկական ընթրիքի համար, ինչը կարելի էր անել հենց շուկայում:
Եկեղեցու անկյունում մոմավաճառի սեղանը շուկայի վաճառասեղանների պես չէ՝ աղմուկով և սակարկություններով, անասունների փարախ չէ, որոնք բառաչում և կեղտոտում են, և առավել ևս՝ տարադրամի փոխանակման կետ չէ: Այն Եկեղեցու համար նվիրատվություն կատարելու վայր է, ինչպես Երուսաղեմի տաճարի գանձանակը, որի առջև անվրդով կանգնել էր Քրիստոս և գովում էր այրի կնոջը գանձանակի մեջ գցած երկու լումայի համար (տես՝ Մարկ. 12:40-43):
Վաղուց ի վեր` նախնական Եկեղեցուց սկսած, եկեղեցում աղոթելն ուղեկցվում էր մոմավառությամբ: Հենց այս ավանդության համաձայն` Եկեղեցին մոմ է վաճառում` ժողովրդի այդ կարիքը բավարարելու համար: Միևնույն ժամանակ այն եկամուտը, որն ստացվում է մոմավաճառությունից, ծախսվում է բարեգործական նպատակներով:
Վերջապես` Եկեղեցում աղոթելու համար մոմ վառելը չի պարտադրվում: Կարելի է և մոմ չվառել: Այս դեպքում էլ աղոթքն ընդունելի կլինի:
Ոչ թե մոմերից պետք է գանգատվել, այլ՝ ուրիշ բանից... Արդյոք մենք մեր հոգում առևտուր չե՞նք անում, թե՝ Տեր, ահա ես բարի գործ արեցի, Դու էլ իմ գործերին հաջողություն տուր, կամ՝ որևէ այլ բան ենք խնդրում: Ոչ թե վառած մոմի համար և ոչ էլ բարի գործերի համար է Աստված մեզ պահում, այլ՝ Իր անսահման ողորմածության համար: Իսկ մենք, եթե մի բարի բան անենք, պետք է խոնարհությամբ ասենք. «Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտավոր էինք անել, այն արեցինք» (Ղուկ. 17:10):
Հարգանքով` www.qahana.am կայքի խմբագրակազմ