09
Հունս

Եթե մարդ սրտանց ցանկանում է խոստովանել իր մեղքերը, բայց չի կարողանում խոսել, արդյո՞ք դա խոնարհության պակաս է:

Ս. Եսայի Անապատականն աում է. «Խոնարհությունն այն չէ, որ եթե մեկն ինքն իր անձը խոնարհեցնի, այլ` եթե հոժարությամբ համբերի իր անձի նկատմամբ վատ վերաբերմունքի»: Այո, լսելով խոնարհության առաքինության մասին` ցանկանում ենք այն ունենալ, սակայն մեր չարամտությունը թույլ չի տալիս մեզ հասնել դրան: Ուստիև Աստծո Սուրբ Աջն է մեզ խոնարհեցնում: Մեզ անհրաժեշտ է պարզապես հոժարություն ունենալ՝ այն ընդունել: Խոստովանությունն այդ հոժարությունն ունենալն է: Ս. Եփրեմ Ասորին ասում է. «Չունե՞ս խոնարհություն` ասա. «Ներիր ինձ», և խոնարհությունը կգա»:
Խոստովանությունը նաև պատասխանատվություն է կատարած մեղքերի համար Աստծո Միածին Որդու` Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Մարմնի և Արյան առջև, որ ամենակարևորն է: Անձնապես խոստովանելով` ապաշխարողը վարժվում է պատասխանատվությամբ վերաբերել իր արարքներին, պատասխանատվության համար չար գործերից հրաժարվել` միչև իսկ անձի անօրինակ ճգնությունների գնով (տես` Ա Կորնթ. 11:27-29, Եբր. 10:19-31; 12:4)` Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Մարմնի և Արյան Սուրբ Հաղորդությանն արժանի լինելու համար: Ուստի մեր իսկ օգտի համար է խոստովանելը` չարից հրաժարվելու և բարին գործելու համար, որպեսզի արժանի լինենք աստվածատես սրբերի երամին միանալու և Աստծո երանավետ արքայությունը ժառանգելու:

 


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան