06
Հունս

Ես գիտեմ, որ շատ Տիեզերական ժողովներ են գումարվել։ Ինչո՞ւ Հայ Եկեղեցին ընդունում է միայն առաջին երեքը։ Ժողովը կարող ենք իրավամբ անվանել տիեզերական, եթե նախ դրան, ի դեմս իրենց ներկայացուցիչների, մասնակցում են բոլոր Եկեղեցիները, և երկրորդը, եթե այնտեղ քննարկվում են հարցեր, որոնք հուզում են բոլոր Եկեղեցիներին։

Առաջին երեք տիեզերական ժողովները, (Նիկեական՝ 325թ., Կոստանդնոպոլսի՝ 381թ., և Եփեսոսի՝ 431թ.) տարաձայնություններ չէին առաջացնում, և նրանց բանաձևերը միաշունչ ընդունել են բոլոր եկեղեցիները, իսկ սա շատ բանի մասին է խոսում։ Բացի դրանից, ուղղափառ դավանանքն իր լիարժեք ձևակերպումն է ստացել հենց այս երեք տիեզերական ժողովների ժամանակ։ Հայ Եկեղեցին անհրաժեշտություն չուներ անգամ մասնակցելու 451թ. Քաղքեդոնում գումարված ժողովին։ Սրան գումարած՝ Քաղկեդոնի դեմ լրջորեն ընդդիմացան նաև Կիպրոսի, Պաղեստինի, Կապադովկիայի, Եգիպտոսի և Սիրիայի Եկեղեցիները։ Այս էր պատճառը, որ Զենոն կայսրը 482թ. հրապարակեց իր նշանավոր «Հենոտիկոնը» (Զենոնի «Հենոտիկոնը»), որն ուղղափառ հավատքի համար բավարար է համարում առաջին երեք տիեզերական ժողովների դավանական որոշումները, նզովում է Նեստորին և Եվտիքեսին և ընդունում Ս. Կյուրեղ Ալեքսանդրացու 12 նզովքները Նեստորի դեմ։ Քաղկեդոնի ժողովը լուրջ սպառնալիք էր Եկեղեցու միասնականության համար, որը և գործիք ծառայեց արևմուտքին՝ մասնավորաբար Հռոմին, բաժանելու այն, ինչը, ցավոք սրտի, տեղի ունեցավ։ Այս բաժանումը ոչ թե դավանական, այլ քաղաքական բաժանում էր։ Եկեղեցին բաժանվեց երեք մասի. Հռոմոմ և ամբողջ արևմուտքում տարածվեց քաղկեդոնականությունը, Բյուզանդիայում՝ Զենոնի «Հենոտիկոնը» (հետագայում նա էլ ընդունեց քաղկեդոնականությունը), իսկ Պարսկաստանում՝ նեստորականությունը: Հետագայում՝ կես դար շարունակ, մեկը մյուսին հակասող հայտարարություններ էին լինում Քաղկեդոնի ժողովի հեղինակության վերաբերյալ։ Քաղկեդոնականությունը Բյուզանդիայի կողմից զենքով և ուժով էր պարտադրվում արևելքում։ Հետևաբար՝ միանգամայն հիմնավոր կերպով, Հայ Եկեղեցին անհրաժեշտ համարեց 506թ. Դվինում գումարված ժողովում ընդունել 431թ. Եփեսոսի ժողովը որպես վերջին՝ եկեղեցիների միությունը ամրապնդող ժողով, այն համոզմունքով, որ այն հիմք է Տիեզերական Եկեղեցու ճշմարիտ ավանդությունների։


Քաղկեդոնի և դրանից հետո գումարված ժողովներին Հայ Եկեղեցին, նրա հետ նաև Եգիպտոսի, Ասորական և Եթովպական Եկեղեցիները, վերաբերում են որպես տեղական ժողովների, որտեղ ներկա չի եղել ամբողջ քրիստոնյա աշխարհը, և տիեզերական չեն համարում։


Դրա համար Հայ Առաքելական Եկեղեցին, ինչպես նաև այլ արևելյան Եկեղեցիները, հավատարիմ մնաց առաջին երեք տիեզերական ժողովներին և Ս. Կյուրեղ Ալեքսանդրացու ուսմունքին և չընդունեց Քաղկեդոնի ժողովը՝ Առաքելական ավանդությանը չհամապատասխանող հակասական հասկացություններով և քրիստոսաբանական դավանանքով։

 


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան