06
Հունս

Ինչո՞ւ հայերը չեն մասնակցել Քաղկեդոնի Դ Տիեզերական ժողովին։

451թ. մայիսի 26–ին՝ Հոգեգալստյան տոնի նախօրյակին, Վասպուրականում, Ուրմիա լճից դեպի հյուսիս, տեղի է ունեցել հայերի համար վճռորոշ մարտ Պարսկաստանի հետ՝ Ավարայրի ճակատամարտը, որն ընդհանուր պատմության մեջ եղավ քրիստոնեության առաջին զինված ինքնապաշտպանությունն ընդդեմ մազդեականության, երբ հակամարտում էին լույսն ու խավարը, կյանքն ու մահը, հավատն ու ուրացումը։ Չնայած հայերի զորքը պարտություն է կրել, Ավարայրի ճակատամարտը բարձրացրել ու բոցավառել է հայոց ոգին այնքան, որ այն հավիտյան ապրելու կարողություն ստացավ, քանզի հայերը մահվան էին գնում այսպիսի նշանաբանով. «Մահ չիմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն»։ Մարտից հետո Ս. Հովսեփ Ա Ամենայն հայոց Կաթողիկոսը և Ս. Ղևոնդ երեցը, ովքեր հոգեպես ամրացնում էին ժողովրդին, հոգևորականության բազում ներկայացուցիչների ու հայոց իշխանների հետ աքսորվել են Պարսկաստան և 454թ. այնտեղ նահատակվել։


Նույն 451թ. հոկտեմբերին Քաղկեդոնում տեղի ունեցավ Դ տիեզերական ժողովը, որը հրավիրել էր Բյուզանդիայի Կայսր Մարկիանոսը, ով այդ հրամանից քիչ առաջ մերժեց հայ պատվիրակների՝ քրիստոնեական հավատքի պաշտպանության համար ռազմական օգնության խնդրանքը։ Այսպիսով, դեռ մինչև ժողովը, մերժվեցին Աստծո խոսքերը և սուրբ հայրերի խրատները. «…Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15:12-13), «Փրկի՛ր նրանց, ում մահվան են տանում, և ոչինչ մի՛ խնայիր մահապարտներին փրկագնելու համար...» (Առակ. 24:11-12), «Ոչինչ Աստծուն այդքան չի բարկացնում, ինչքան՝ մերձավորների փրկության նկատմամբ քամահրանքը, - ասում է Ս. Հովհան Ոսկեբերանը։ – Ուստի Նա սերն է սահմանել որպես Իր աշակերտների հատկանիշը…»։


Եվ ահա, երբ Քաղկեդոնում քրիստոնյա աշխարհը քրիստոսաբանական հարցեր էր քննարկում, մի ողջ ժողովուրդ՝ հավատակիցների կողմից բախտի քմահաճույքին թողնված, հեթանոս Պարսկաստանից քրիստոնեական հավատն էր պաշտպանում, երբ բանտարկության և տանջանքների մեջ էր գտնվում Հայոց Հայրապետն իր բանական հոտի հետ, ժողովի մասնակիցները հանգիստ խղճով քննում էին այն հարցը, թե խաչի վրա ո՞վ մահացավ։ Հայ ժողովուրդն անհավասար պայքարում պահպանել է և՛ իր հավատը, և Մայր Եկեղեցու ամբողջականությո՛ւնը քանզի «մեզ համար քրիստոնեությունը հանդերձանք չէ, որը կարող ենք փոխել, այն մեր մաշկն է, որն անհնար է հանել»։


Իսկ Քաղկեդոնի ժողովը Եկեղեցիների բաժանման պատճառ դարձավ…

 


Օրհնությամբ` Տ. Ղևոնդ աբեղա Հովհաննիսյան