06
Հունս

Ի՞նչ դեր ունի այսօր Հայ Առաքելական Եկեղեցին Հայաստան-սփյուռք հարաբերություններում:

Թե Հայաստանում, թե սփյուռքում ապրող հայ ժողովրդի զավակների համար Հայ Առաքելական Եկեղեցին միշտ եղել է այն կառույցը, որը կարողացել է համախմբել և կազմակերպել հայ հոգևոր ու ազգային կյանքը: Եկեղեցու հիմնական դերն է ժողովրդին առաջնորդել դեպի Աստված: Բացի այդ, Հայ Առաքելական Եկեղեցին ունի ա՛յլ դերակատարություններ` ազգապահպանում, մշակույթի հովանավորություն, լեզվի և ազգային ավանդույթների, արժեքների պահպանություն: Սփյուռքի համար այսօր կարևոր է, որ եկեղեցին լինի այն ճանապարհը, այն կամուրջը, որն իրենց հրավիրում է հայրենիք, օգնում, որ կարողանան հաղորդակցվել եղբայրների և քույրերի հետ, ծանոթանալ ապրողների կյանքին, ճանաչել երկրի արժեքները` սրբավայրերը, պատմական հուշարձանները և այլն: Թե Հայաստանի, և թե սփյուռքի հայ բնակչությունն իր ներդրումը պետք է ունենա, օգտակար լինի այս գործում, օրինակ` ուխտագնացություններ կազմակերպվեն, սփյուռքում ապրող մեր զավակները գան Հայաստան, տեսնեն ոչ միայն սրբավայրերը, այլև շփվեն մարդկանց հետ, ընտանիքները` ընտանիքների հետ, միասին տխրեն և ուրախանան:

 


Օրհնությամբ՝ Տ. Կտրիճ քահանա Դևեջյան