06
Հունս

Ինչպես կարո՞ղ է քրիստոնյան զենք վերցնել ու գնալ պատերազմ: Չէ՞ որ պատերազմը չարիք է, իսկ նրանք, ովքեր մասնակից են չարիքի, դառնում են չարի գործակիցներ, այսինքն՝ սատանայի ծառաներ:

Ուզում եք ասել, որ մեր սուրբ զորավարները՝ Ս. Սարգիսը, Ս. Վարդան Մամիկոնյանը և շատ ուրիշ հայտնի և անհայտ հերոսներ, ովքեր պատերազմում իրենց կյանքն են զոհել հանուն սուրբ հավատի և հայրենիքի, նրանք բոլորը սատանայի ծառանե՞րն են: Կամ գուցե կուզեի՞ք, որ թշնամու հարձակման պահին Ձեր կողքին լինի «Եհովայի վկան», որը զենք չի վերցնի և վախկոտի պես կփախչի՝ թողնելով Ձեզ անպաշտպան՝ մահվան ճիրաններում:
Ասում եք, որ «նրանք, ովքեր մասնակից են չարիքի, դառնում են չարի գործակիցներ»: Ես կասեմ այլ կերպ. ով չի արգելում չարին՝ չարիք գործել, դառնում է չարի գործակիցն ու օգնականը:


Պատերազմը սրբազան գործ է նրանց համար, ովքեր ձեռնարկում են այն անհրաժեշտությունից դրդված՝ ճշմարտության պաշտպանության համար: Նրանք, ովքեր զենք են վերցնում, այդ դեպքում հերոսություն են գործում և, դիմանալով վնասվածքներին և տանջանքներին և զոհելով կյանքը հանուն արյունակիցների և հայրենիքի, գնում են սուրբ նահատակների հետևից դեպի անթառամ և հավերժական պսակ:
Պատերազմի էությունը սպանության և չարի բերկրանքի մեջ չէ: Նույնիսկ ընդհակառակը, այն բացահայտում է թաքնված չարությունը և հնարավորություն է տալիս մարդուն պարզորոշ ընտրություն կատարել չարի և բարու միջև: Ծուլությունը, թուլամորթությունը և չարին չհակառակվելը նպաստում են չարին: Մարդու ամբողջ կյանքը պայքար է: Պայքարելու կարողությունը կյանքի գլխավոր պայմանն է: Իհարկե ուժն ու ակտիվությունը հնարավոր է օգտագործել ոչ միայն ի բարին, այլ նաև ի չարը: Չարն անբարոյական է, բայց քանի դեռ մարդն ունի ուժ, կյանք, ապա որքան էլ նենգությամբ չարն ուղղված լինի, միևնույն է կա հնարավորություն և հույս վերափոխել չարը և ուղղել այն ի բարին:


Ժխտելով արդար ազատագրական պատերազմների օրինականությունը, մենք դրանով իսկ խեղաթյուրում ենք Աստվածային ճշմարտությունը, որն է. «Ովքեր սուր են վերցնում, սրով կընկնեն» (Մատթ. 26.52). դա նշանակում է, որ ով չար նպատակի համար բռնության թուր բարձրացնի, պետք է կոտորվի բռնության դեմ բարձրացված արդարության թրով՝ չարը կանխելու համար:


Դարեդար քրիստոսասեր զինվորներn օրհնվում էին իրենց հոգևոր հովիվների կողմից ոչ թե թշնամու հետ բանակցություններ վարելու, այլ սպանելու համար: Հայ ազգը բազմիցս բարձրացրել է իր թուրը հայրենիքի և հավատքի պաշտպանության համար՝ նախօրոք աղոթքի մեջ օգնություն և օրհնություն խնդրելով Աստծուց. խոստովանելով և հաղորդվելով` վերցնում էին զենքերը և գնում կռվի: Իսկ Ավարայրի ճակատամարտում հենց քահանաներն էին քայլում զորքի առջևից՝ ոգեշնչելով զինվորներին աղոթքներով և սեփական օրինակով սրբազան կռվի, սուրբ մահվան:


Նիկոլայ Բերդյաևը գրել է պատերազմի ժամանակ կատարված սպանության մասին. «Պատերազմի ժամանակ տեղի ունեցած սպանությունը ուղղված չէ մարդկային անձի հերքմանը կամ ոչնչացմանը: Պատերազմը չի ենթադրում մարդկային անձի հանդեպ ատելություն: Պատերազմի ժամանակ տեղի չի ունենում մարդու սպանության հոգևոր գործողություն: Զինվորները մարդասպաններ չեն: Չարությունը պետք է փնտրել ոչ թե պատերազմի մեջ, այլ պատերազմից առաջ՝ արտաքինից շատ խաղաղ ժամանակներում: Այս խաղաղ ժամանակներում են կատարվում հոգևոր սպանությունները, պաշարվում են չարությունը և ատելությունը: Իսկ պատերազմի ժամանակ զոհաբերաբար հատուցվում է կատարված չարիքը: Պատերազմի ժամանակ մարդն իր վրա է վերցնում սեփական ուղու հետևանքները, կրում է պատասխանատվություն, ընդունում ամեն ինչ, ընդհուպ մինչև մահ»:


Սպանության մեջ միշտ ենթադրվում է մի նպատակ. «մարդկային անձի ոչնչացում»: Պատերազմի նպատակը հաղթանակն է, իսկ կյանքի ոչնչացումը միշտ չէ, որ անպայման միջոց է այդ նպատակին հասնելու համար: Եթե սպանությունը մեղք է, քանի որ խախտում է սիրո մասին պատվիրանը, ապա միայն այն պատերազմն է մեղք, որը խախտում է սիրո այս բարձրագույն սկզբունքը: Այլ խոսքով՝ ամեն պատերազմ չէ, որ մեղք է, այլ միայն այն պատերազմը, որը հետապնդում է չար նպատակ, որովհետև պատերազմի բարոյական չափանիշը որոշվում է նրանով, թե հանուն ինչի են ձգտում հաղթանակի:


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան