06
Հունս
Նախ՝ հարցադրման հետ համաձայն չեմ, քանզի երկրում բնավ էլ չի տիրում սատանայի իշխանությունը: Դուք, հավանաբար, մոռացել եք Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա» (Մատթ. 28.18), և Սիրաքն էլ Տիրոջն անվանում է. «Իշխան իմ կյանքի» (Սիրաք. 23.1): Ուստի երկրի վրա, բոլոր պետությունները ներառյալ, տիրում է Քրիստոս Աստծո իշխանությունը, որը մեզ փրկելու համար է: Բնականաբար, մենք ազատ ենք և իշխանություն ունենք որոշել, թե ինչ կյանքով ապրենք: Եվ Աստծո Եկեղեցին է միայն, որ առաջնորդում և օգնում է մեզ հոգևոր կյանքով, այսինքն՝ Աստծո օրենքներով, ճիշտ ապրելու համար: Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Ես եմ Կյանքի Հացը», «Ով ուտում է այս Հացը, ապրում է հավիտյան» (տես՝ Հովհ. 6.47-59): Եկեղեցին ամեն կիրակի Սուրբ Պատարագ է մատուցում, որի ընթացքում մենք, ըստ Տիրոջ պատվիրանի, ճաշակում ենք Սուրբ Հաղորդությունը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Մարմինն ու Արյունը: Միայն Պատարագին մասնակցելով կկարողանաք, ինչպես ասում եք, Երկնային իշխանության՝ Աստծո օրենքներով ապրել, որովհետև ապրել չի նշանակում գոյություն ունենալ, այլ վայելել մեր Տեր Հիսուս Քրիստոսի պարգևած երկնքի Արքայությունը՝ փրկությամբ մեղքերից և մահվանից:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան