06
Հունս
Ձեր մեջբերած հատվածն արդեն վկայում է, որ աշխարհիկ մարդկանցից ոչ ոք իրավունք չունի ձեռքը մարդու գլխին դնելով՝ բժշկել, դևեր հանել, մեղքերի թողություն տալ, քանի որ հենց այս հատվածում հստակ է, որ Քրիստոս բուժելու, դևերին հանելու իշխանությունը փոխանցեց միայն 12 աշակերտներին: Տերն այդ խոսքերը չասաց բոլորին, այլ միայն նրանց, ում գլխին Ինքն է Իր ձեռքը դրել՝ փոխանցելով Իր իշխանությունը: Փարիսեցիները նույնիսկ Քրիստոսին հարցնում էին, թե ինչ իշխանությամբ է հրաշքներ գործում: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է ունենալ իշխանություն հենց Աստծուց, որպեսզի հրաշքը կամ բժկությունը ընդունվի որպես Աստծո գործ:
Եվ Գործք Առաքելոցն ընթերցելիս իմանում ենք, թե առաքյալներն ինչպիսի զգուշություն էին ցուցաբերում իրենց այդ իշխանությանը: Այսինքն, եթե որևէ մեկին պետք է ձեռնադրությամբ փոխանցեին այդ իշխանությունը, նախ քննում էին տվյալ մարդուն, որպեսզի պատահաբար անհավատ մեկը չստանար այդ իշխանությունը: Հետևաբար, քանի որ Քրիստոս այդ իշխանությունը փոխանցեց առաքյալներին, նրանք էլ համապատասխանաբար` հոգևոր դասին, ապա աշխարհիկ մարդիկ նման իշխանությամբ օժտված չեն: Իսկ եթե աշխարհիկ մարդիկ կատարում են նման բժշկություններ, ապա դա կամ չարի զորությամբ է, կամ էլ՝ խաբեբայություն: Սակայն եթե մարդը ջերմեռանդորեն աղոթում է Աստծուն հարևանի, հարազատի, ընկերոջ առողջության համար, վստահաբար Աստված այդ աղոթքը լսում է և խնդրանքը կատարում, և դա քահանայագործություն չէ, այլ՝ ընդամենն անկեղծ հավատքի և աղոթքի արդյունք:
Օրհնությամբ՝ Տ. Եսայի քահանա Արթենյան