02
Հունս

Արդյոք հավատքն ունի՞ ազգային պատկանելիություն։

Այս հարցն անհեթեթ է, ինչպես և «ազգային քրիստոնեություն» արտահայտությունը, որովհետև հավատքը զգացմունք է և հատուկ է ոչ թե ազգին, այլ անձին։ Մեկ խոսքով ասած՝ հավատքն անհատական առաքինություն է։ Անհատները կարող են հավատակից լինել միմյանց՝ դավանելով նույն հավատքը, օրինակ՝ քրիստոնեությունը։ Բայց ամեն մի քրիստոնյա ունի ազգային պատկանելիություն, և նույն ազգի քրիստոնյաների միությունը (լինեն դրանք 2-3 տասնյակ, թե՝ մի ամբողջ ժողովուրդ) նույնպես ազգային պատկանելիությունն ունի։ Հավաքվելով Սուրբ Երրորդության պաշտամունքի համար, նրանք կազմում են Աստծո Եկեղեցին, որն իր մեջ կրում է իրեն ամբողջացնող անդամների ազգային հատկանիշը և կարող է կոչվել ազգային։ Ուրեմն Եկեղեցի՛ն ունի ազգային պատկանելություն, ոչ թե հավատքը։ Մենք՝ հայերս, ունենք մեր ազգային եկեղեցին, որը Հայ առաքելական Սուրբ Եկեղեցին է։ Նա է հայերի ազգային և հոգևոր ժառանգության պահպանողը։ Նրա շուրջն են միշտ հավաքվել ու միավորվել բոլոր ժամանակների հայ քրիստոնյաները հայրենիքի և հավատքի թշնամիների դեմ պայքարելու համար։ Նրա պատերի ներքո ի սկզբանե ծաղկում ու զարգանում էր հայոց գիտությունը և գրական–իմաստասիրական միտքը։ Նրա տաճարներն ու խաչքարերը Հայոց հողի վրա պահպանում են Աստծո օրհնությունը քրիստոնեության առաջին դարերից։ Նրա թեմերը և եկեղեցիները մխիթարության և հոգևոր շփման տեղ են հանդիսանում հայոց սփյուռքի ներկայացուցիչների համար ողջ աշխարհում։ Նրա ճշմարիտ լինելը բխում է Ս. Առաքյալների ուսմունքից և ստուգված է ժամանակով, տոգորված է սրբերի աղոթքներով ու արյամբ։ Մկրտվելով Հայ Եկեղեցում՝ մենք դառնում ենք նրա հոգևոր զավակներ, առաքելական հավատքի ժառանգներ և հոգևոր պայքարի շարունակողներ՝ ընդդեմ սատանայի ու նրա կամարարների։ Դրա համար ամեն մի հայ, ով աղանդավոր է դառնում, դասալիք և է իր հայրենիքի, իր ժողովրդի ու իր Մայր Եկեղեցու դավաճան։
Քրիստոսի Սուրբ Եկեղեցին մեկ մարմին է, որի գլուխն է Քրիստոս։ Բազում ազգային եկեղեցիներ, եթե դրանք հիմնված են առաքելական ավանդության վրա և դավանում են մեկ ընդհանուր հավատ, Միասնական, Տիեզերական Սուրբ Եկեղեցու անդամներ են ։

 


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան