01
Հունս

Աստված ինչո՞ւ թույլ տվեց Իրեն դավաճանած հրեշտակին գտնվել մեր նման հողեղեն մարդկանց կողքին:

Դուք մի կարևոր հանգամանք հաշվի չեք առնում. այս ամենը նայում եք ձեր` որպես ստեղծվածներից մեկի և ոչ թե Աստծո տեսանկյունից: Աստծուց չար բան չի կարող ստեղծվել: Դա միանշանակ հասկանալի է: Ձեր հարցադրումը նույնն է դրախտում չարի և բարու գիտության ծառը դնել-չդնելու խնդրի հետ, որովհետև նույն կերպ Դուք կարող եք այդ ծառը համեմատել նույն սենյակում դրված եռացրած ջրի հետ: Տարբերությունը միայն այն է, որ մենք փոքր երեխա չենք: Ադամն ստեղծվեց կատարյալ հասակով ու տարիքով և Աստծո կերպարանքով ու նմանությամբ: Հետևաբար, խոսք չի կարող լինել միամտության մասին:


Եթե ուզում եք իմանալ, հենց բարու և չարի գիտության այդ ծառն էր հողից ստեղծված մարդուն ՄԱՐԴ դարձնողը, կենդանիներից տարբերակողը, որովհետև Աստծուց տրված ամենամեծ պարգևը` ազատ կամքը, այդ ծառի պտղից ուտել-չուտելու երկընտրանքի առիթ դառնալով՝ որոշում կայացնելու, բանականությունը, ազատ կամքը գործի դնելու առիթ էր: Այլ հարց է, որ Եվան ու Ադամը չդիմացան գայթակղությանը:


Բերեք դա համեմատենք Աբրահամի դրվագի հետ: Աբրահամի համար էլ հավատի լուրջ փորձություն էր Իսահակի զոհաբերման պահանջը: Բայց հավատը հաղթեց: Ադամը գիտեր, որ Աստված է իրեն ստեղծել, ամեն ինչ դրել իր ոտքերի տակ, Աբրահամն էլ գիտեր, որ Իսահակի ծնունդն իսկական հրաշք էր, որովհետև ֆիզիկապես ինքը չէր կարող զավակ ունենալ, բայց հավատաց Աստծո խոստմանը` գիտակցելով, որ իրեն զավակ պարգևելու հրաշքը գործած Աստված կարող է նաև այդ զավակին հարություն տալու հրաշքն էլ գործել:
Հետևաբար Աբրահամն էլ Ադամի պես իր ազատ կամքով հնազանդվեց Աստծուն:

 

Եթե չարն ամբողջությամբ վերանար, մարդն ընտրելու հնարավորություն չէր ունենա: Այդ դեպքում ինչո՞վ կտարբերվեր կենդանիներից: Տեսե՞լ եք մի կենդանու, որի խիղճը տանջի այս կամ այն արարքի համար: Այն, ինչ աշխատանքով է ձեռք բերվում, ավելի է գնահատվում: Ադամը դրա համար չկարողացավ ճիշտ գնահատել իր վիճակը:


Հիմա մեր վիճակը նույն Ադամի և Աբրահամի վիճակի պես է. ընտրության առջև ենք: Մենք ենք ընտրում, թե որ բանակից ենք: Այս կյանքը մեծ դպրոց է, որտեղ մենք սովորում ենք, թե որտեղից ենք գալիս, բայց մենք ենք ընտրում, թե ուր ենք ուզում գնալ:
Ցանկանալով վնասել մեզ՝ չարը մեզ ավելի ուժեղ է դարձնում, ավելի կոփված, ավելի իմաստուն, ավելի գիտակից, մենք սկսում ենք հասկանալ, որ մեր իրական ուժը Աստծո շնորհի մեջ է և ըստ Քրիստոսի խոսքի` Աստծո համար անկարելի բան չկա: Ի վերջո Քրիստոս եկավ հենց չարից խոցվածների ու վիրավորվածների համար` ասելով, որ առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին:


Այնպես որ, մի հուսահատվեք հավատի ու այլ փորձություններում անընդհատ պարտություն կրելով, որովհետև ոչինչ կորած չէ, եթե թեկուզ դեռ ևս մեկ հնարավորություն հնարավորություն կա:


Ուզում եմ հիշեցնել սուրբ հայրերից մի դրվագ: Վանականներից մեկը գալիս ու վանահորը խնդրում է արձակել իրեն վանքից: Վանահոր «ինչո՞ւ» հարցին պատասխանում է` «Ես ընկա, Հայր»: Վանահայրը պատասխանում է. «Ուրեմն բարձրացիր»: «Բայց ես նորից ընկնում եմ»: «Նորից բարձրացիր», - ասում է վանահայրը: «Եվ այդպես քանի՞ անգամ», - հուսահատ ու ընկճված պատասխանում է վանականը: «Որքան որ ընկնես, այնքան էլ բարձրացիր, որովհետև նրանք ովքեր չեն կարող բարձրանալ, միայն գերեզմանում են»:

 


Աղոթաբար` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան