30
Մայիս
Երկրորդ օրենքի 18-րդ գլխի 10-12-րդ համարները միանշանակ արգելում են գուշակությամբ զբաղվելը, որը սուտ մարգարեների գործն է և անընդունելի՝ «Ձեր մեջ թող չգտնվի այդպիսի մեկը…»։ Ուրեմն, պետք է զգուշանանք կարծես թե անվտանգ ու անվնաս թվացող գուշակություններից, ինչպիսին էլ որ լինեն` սուրճի մրուրով, թե խաղաքարտերով, թե աստղագուշակներով կատարվող` միևնույն է։
Եթե մենք լինենք կատարյալ, հավատարիմ մեր Տիրոջ պատգամներին, ապա մեզ ոչինչ վնասել չի կարող, և գուշակությունների անհրաժեշտությունն էլ չենք ունենա։ Մարդն ստեղծված է ազատ և կրում է Աստծո պատկերն ու նմանությունը: Ապագան փնտրել սուրճի մրուրի կամ խաղաթղթերի մեջ` վիրավորական է հենց այդ անհատի համար։
«Ի՞նչ հարաբերություն լույսի և խավարի միջև, և կամ ի՞նչ միաբանություն Քրիստոսի ու Բելիարի միջև»,- ասում է Պողոս առաքյալը (Բ Կորնթ. 6.14-15)։
Ուրեմն խմենք սուրճ, բայց բաժակը շուռ չտանք, իսկ խաղատուն կամ գուշակությունների սրահ տանող ճանապարհն ընդմիշտ մոռանանք, քանի որ «գալով կախարդներին, կռապաշտներին, հմայողներին ու բոլոր ստախոսներին՝ ամբարիշտներին, նրանց բաժինը ծծումբով ու հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է» (Հայտն. 21.8)։
Օրհնությամբ՝ Տ. Ղևոնդ քահանա Մայիլյան