30
Մայիս

Ինչո՞ւ աղոթել, եթե միևնույնն է` ի վերջո Աստծո կամքն է լինելու:

Ինչո՞ւ ապրել, եթե միևնույնն է` մեռնելու ենք: Նման մոտեցումը մեզ հեռացնում է Աստծուց: Մենք ոչ միայն պետք է աղոթենք, այլ աղոթքներում խնդրենք Աստծո կամքը. «Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է» (Մատթ. 6.10), որովհետև այն բարի է: Այն մարդը, ով ուզում է ապրել Աստծո կամքից դուրս, վաղ թե ուշ կհասկանա, թե ինչ դատարկ և անիմաստ է նրա կյանքը: Իսկ քրիստոնյան, ինչպես Աստծուն սիրող և հավատարիմ զավակ, միշտ կկամենա իր Հոր կամքով ընթանալ և վայելել այդ բարի կամքը և՛ այս, և՛ հանդերձյալ կյանքում: Աղոթքը զրույց է Աստծո հետ, փառաբանություն: Եթե այդ զրույցը հարատև լինի, ապա մարդն իր ազատ կամքով Աստծո կամքի համաձայն կապրի:


Աստված մեզ ազատ կամք է տվել ինքնուրույն որոշումներ կայացնելու համար: Իրականում մենք մեր կյանքում ունենք այն, ինչ խնդրել ենք, ինչ ընտրել ենք: Աստված միայն այն դեպքում է ներգործում մեր կյանքում, երբ խիստ անհրաժեշտություն կա: Նրա կամքը լինում է այն ժամանակ, երբ ինքներս ենք Նրան թողնում որոշման ու լուծման պատասխանատվությունը, ինչպես Ս. Մարիամ Աստվածածինն արեց: Նա չընդդիմացավ Աստծո որոշմանը, այլ ընդունեց և ենթարկվեց: Նրա մեծությունն այն էր, որ չկասկածեց:

 


Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան