25
Մայիս

Հանգուցյալ մայրս չափազանց բարի կին էր: Սակայն արդեն 20 տարի շարունակ երբ ես կամ կամ եղբայրներս երազում տեսնում ենք նրան, մեր ընտանիքից որևէ մեկը հիվանդանում է, թեև մենք չենք տամադրվում դրան: Ես երեխաներիս երբեք չեմ ասում, որ տատիկին եմ տեսել երազում: Սակայն արդյունքը միշտ նույն է: Երազումս տեսածն իրականանում է: Ինչպե՞ս բացատրել, որ այդքան բարի կինը կարող է երազում հայտնվելով` հիվանդություն բերել: 

Նախ ասեմ, որ այդ երևույթը ավելի անձնական՝ սուբյեկտիվ է, քան թե կարող է կապված լինել Ձեր հանգուցյալ մայրիկի անձի հետ։ Հիվանդություններ մեր կյանքում հաճախ են լինում, և դա կապված է ոչ թե մեզանից դուրս ինչ-որ երևույթների, այլ մեր հիվանդության, կամ այլ կերպ ասած՝ հիվանդանալու հավանականության հետ։ Այդ ինչպե՞ս է, որ գրիպով նույն հիվանդի հետ շփվում են շատ մարդիկ, իսկ հիվանդանում են մի քանիսը։ Այս տրամաբանությամբ՝ մարդը հիվանդանում է, եթե կա այդ հիվանդության նկատմամբ նախատրամադրվածություն։
Ինչ վերաբերում է մեր հանգուցյալ հարազատներին, ապա նրանք իշխանություն չունեն այս աշխարհում որևէ բան փոխելու, ի տարբերություն մեզ, քանզի մենք, ապավինելով Աստծո անչափ ողորմածությանը, մեր աղոթքներով կարող ենք թեթևացնել նրանց վիճակը՝ ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու խոսքի, թե մենք կարող ենք մեր հանգուցյալ հարազատների պարտքերը վճարել։ Դրա համար սահմանված է հոգեհանգստյան կարգը, որը կատարում է հոգևորականը եկեղեցում, կամ գերեզմանատանը՝ անհրաժեշտաբար սահմանված կարգերի ժամանակ՝ հուղարկավորության, այգուցի, յոթի, քառասունքի, տարեմուտի և մեռելոցների օրերին։


Պատվիրեք հոգեհանգիստ Ձեր հանգուցյալ մայրիկի համար և ամեն անգամ երբ կանգնեք անհատական աղոթքի թե՛ տանը, թե՛ եկեղեցում, Աստծո առջև Ձեր խնդրանքներում հիշեք նաև նրան, որպեսզի թեթևանա թե՛ նրա վիճակը, թե՛ ձեր խիղճը։ Մանավանդ որ Տերը պատվիրում է մարմնի համար հոգ չտանել, այլ նախ խնդրել Աստծո արդարությունը և երկնքի արքայությունը, և այդ ամենը ավելիով կտրվի Ձեզ (տես՝ Մատթ. 6.25-34)։

 


Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան