24
Մայիս
Քրիստոնեական եկեղեցիները, առավել ևս Հայ Առաքելական եկեղեցին երբեք պաշտամունքի առարկա չեն դարձրել Քրիստոսի կամ առաքյալների, սրբերի իրերը, մասունքները: Մենք պաշտում և երկրպագում ենք կենդանի Աստծուն: Իսկ վերոնշյալները հավատը զորացնելու համար են: Հին Կտակարանում Աստված պատվիրեց, որպեսզի հրեաներն ուխտի տապանակ պատրաստեն, ուր զետեղվեցին կավե սալիկները՝ տասնաբանյա պատվիրաններով, Ահարոնի ծաղկած գավազանը և հրեաներին 40 տարի կերակրող մանանայով լի սափորը: Արևմտյան եկեղեցիները փորձում են սրբերի մասունքների և հրաշագործ այլ իրերի միջոցով իրենց գերակայությունն ապացուցել: Հավատը կարող է լինել առանց ճանաչելու: Դա ոչ թե կույր հավատ է, այլ՝ անմնացորդ վստահություն առ Աստված: Այդ ճանաչողության հասնում են սեփական որոնումով կամ աստվածային հայտնությամբ: Ճանաչելու հիմքում հավատն է: Երբ փորձում են առանց հավատի շատ բաներ ճանաչել, թվում են անտրամաբանական:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քհն. Ղևոնդյան