23
Մայիս

Ի՞նչ է նշանակում մասունքով խաչ: Խաչի մեջ արդյո՞ք որևէ սրբի մարմնի հատված կա:

Հնագույն սովորություն է սրբերի մարմնի մասերը` որպես իր կատարած մարտիրոսության արդյունք, դարձնել աղոթքի և պաշտամունքի միջոց: Հին Կտակարանում գրված է. «Հովսեփը, դիմելով իր եղբայրներին, ասաց. «Ահա ես մեռնում եմ: Աստված թող այցելի ձեզ, հանի այս երկրից ու տանի այն երկիրը, որ Աստված երդվել է տալ մեր նախնիներին` Աբրահամին, Իսահակին ու Յակոբին»: Հովսեփը երդվեցրեց Իսրայելի որդիներին ու ասաց. «Այն ժամանակ, երբ Աստված ձեզ կայցելի, այստեղից կհանեք նաև իմ ոսկորները և կտանեք ձեզ հետ» (Ծննդ. 50: 24-25): Երբ նա մահացավ, թաղեցին ու տապանի մեջ դրեցին Եգիպտոսում: Այդպես էլ քրիստոնյաներն առաքյալների, հետագայում նաև մարտիրոսների մասունքներն օգտագործում էին եկեղեցիների կառուցման և խաչերի կերտման ժամանակ, որպեսզի այդ սրբի բարեխոսությունը տվյալ համայնքի վրա լինի: Հայոց աշխարհը լի է սրբերի և նահատակների մասունքներով: Հայտնի են Ս. Գրիգոր Լուսավորչի, Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների աջերը, Հռիփսիմյանց կույսերի նշխարները, որոնք օգտագործվում են Մյուռօնօրհնեքի և եկեղեցական այլ տոնակատարությունների ժամանակ:

 


Օրհնությամբ՝ Տ. Շահե քհն. Հայրապետյան