19
Մայիս
Այնպես, ինչպես մեղք գործելուց հետո սկսում է խիղճը մեզ դատել, այդպես էլ մահվանից հետո չի կարող այն լռել: Այն հանգամանքը, որ առանց մարմնի բացահայտ երևում են հոգու բոլոր հանցանքները՝ կարծես մերկացած լինի, ստիպում է մարդուն զղջալ, դատապարտել ինքն իրեն, ափսոսալ: Պարզապես մահվանից հետո զղջումն անպտուղ է, քանի որ գործած սխալը շտկել այլևս հնարավոր չէ: Ուստի այս կյանքում պետք է զղջալ և խոստովանել մեղքերը, եթե ցանկանում ենք արժանանալ փրկության: Երկու դատաստան կա՝ մարդու և Աստծո: Երկրի վրա մարդը ինքն է իր դատավորը, իսկ երկնքում՝ Աստված:
Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Աստված Իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը Նրանով փրկվի» (Հովհ. 3.17): Ուստի մեզ անհրաժեշտ է ապրել առաքինի կյանքով՝ Տիրոջ պատվիրանների համաձայն՝ ըստ մեր կարողության ապաշխարել գործած հանցանքների համար և հաղորդվել Տեր Հիսուս Քրիստոսի հետ եկեղեցում մատուցվող Սուրբ Պատարագի ժամանակ և աղոթքով, պահքով և ողորմությամբ անցկացնել մեր կյանքը, որպեսզի դատաստանից ազատվենք:
Տերը մեզ պատվիրում է. «Զգույշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի հասնի ձեր վրա այն օրը. որովհետև այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին։ Արթուն կացեք այսուհետև, ամեն ժամ աղոթք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու մարդու Որդու առաջ» (Ղուկ. 21.34-36)։
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան