18
Մայիս

Սուրբ Երրորդություն ասելով հասկանում ենք` Հայր, Որդի և Սուրբ Հոգի: Կարո՞ղ ենք ասել, որ խաչի վրա Երեքն էլ խաչվում էին: 

Ոչ, չենք կարող, որովհետև այդ կերպ կկրկնենք հայրաչարչարների սխալը: Երբ մենք ասում ենք Աստված Ս. Երրորդություն է, ընդունելով աստվածային մեկ էություն` տարբերակում ենք երեք անձ` Հայր, Որդի, Հոգի: Կարելի է ասել` երեքն էլ Աստված են, բայց երեք աստվածներ չեն: Անձերից յուրաքանչյուրն իր անձնային որակներն ունի, ինչպես օրինակ` Որդին ծնված է Հորից, այնինչ Հայրն անծին է, Հոգին բխում է Հորից և ոչ թե ծնվում է:


Քրիստոսի բուն առաքելությունը Աստծո արքայությունը հաստատելն էր երկնքի և երկրի միջև՝ հաշտություն կայացնելով երկու կողմերի` Աստծո և մարդկության միջև: Քանի որ մի կողմում Աստված էր, մյուս կողմում` արարված մարդը, հաշտությունը միակողմանի` կա´մ միայն Աստծով, կամ միայն մարդով, չէր կարող լինել: Դրա համար Երրորդության երկրորդ Անձը` Որդին մարդացավ ու մարդկության մեղքն իր վրա վերցնելով խաչվեց: Այսպիսով, Հոր և մարդկության հաշտությունը կայացավ ԱՍՏՎԱԾԱՄԱՐԴՈՒ միջոցով, ով և´ կատարյալ մարդ էր, և´ կատարյալ Աստված: Չէր կարող և´ Հայրը չարչարվել, և´ այդ չարչարանքի արդյունքում հաշտվել:


Քրիստոս էլ ասում է, որ Իր գնալուց հետո կգա Մխիթարիչը` Ս. Հոգին: Աստծո հայտնության կերպերը տարբեր են, բայց չպետք է շփոթել Երրորդության անձերին:
Պողոս առաքյալը եբրայեցիներին ուղղված իր նամակում ասում է. «Աստված բազմապիսի ձևերով և այլազան օրինակներով նախապես խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով. այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ նշանակեց ամեն ինչի և որի միջոցով ստեղծեց տիեզերքը» (Եբր. 1.1-2):

 


Աղոթաբար` Գևորգ սակավագ Ալավերդյան