18
Մայիս

Հիսուս Քրիստոս Աստված է, թե՞ մարդ: Հնարավո՞ր է, որ Հիսուս ամուսնանար և երեխաներ ունենար: 

Մեր եկեղեցու դավանանքի, ուսուցման համաձայն, որ խարսխված է Ս. Գրքի, Սրբազան Ավանդության և Ս. Հայրերի գրվածքների հիման վրա` Հիսուս Քրիստոս Ս. Երրորդության Երկրորդ Անձն է, որ ի լրումն ժամանակի մարմնացավ, Ս. Հոգով ծնվեց Ս. Կույս Մարիամից, կատարյալ մարդ դարձավ, չարչարվեց, խաչվեց և թաղվելուց երեք օր հետո հարություն առավ, համբարձվեց երկինք և նստեց Հոր աջ կողմում: Անսուտ ճշմարտություն է նաև, որ Տերը գալու է հաջորդ անգամ` դատելու մեռածներին և ողջերին: Հիսուս Քրիստոս և՛ կատարյալ Աստված է, և՛ կատարյալ մարդ, այսինքն` անմեղ: Ադամորդիներիս փրկելու համար Աստված աշխարհ ուղարկեց իր Միածին Որդուն, որպեսզի ով Նրան հավատա, հավիտենական կյանք ունենա: Անկասկած, մարդկային մեր տկար մտքով դժվար է հասկանալ և ըմբռնել Հիսուս Քրիստոսի Աստվածության և Մարդեղության խորհուրդը, ուստի պետք է զերծ մնալ կամայական մեկնաբանություններից և զգուշանալ դրանցից: Եկեղեցու պատմության ընթացքում միշտ էլ եղել են մարդիկ, ովքեր փորձել են զուտ մարդկային տրամաբանությամբ առաջնորդվելով` մոտենալ աստվածային խորհուրդների ճանաչմանը, ուստի սայթաքել են և ընկել մեղքի մեջ, ում Եկեղեցին նզովել է և դատապարտել նրանց ուսմունքը:


Քրիստոս Աստված երկիր իջավ` մարդկանց փրկելու համար: Ահա այս էր Տիրոջ մարմնանալու գերագույն նպատակը: Մնացած ամեն ինչ երկրորդական է: Իսկ Հիսուսի ամուսնության պարագան դուրս էր Նրա փրկագործական առաքելությունից: Բացի այդ, եթե անգամ նման բան եղած լիներ, ապա անկասկած այս մասին որևէ հիշատակություն կլիներ կա՛մ Աստվածաշնչում, կա՛մ Ս. Հայրերի գրվածքներում, կա՛մ էլ պարականոններում: Ուստի Դեն Բրաունի այն միտքը, որ Քրիստոս ամուսնացել է Մարիամ Մագդաղենացու հետ և երեխա ունեցել, կատարյալ անհեթեթություն է և սրբապղծություն:

 


Օրհնությամբ՝ Տ. Զաքարիա աբեղա Բաղումյան