01
Հունվ

1.Այլ կրոնների հետևորդները պատմում են իրենց միջավայրում տեղի ունեցած հրաշքների մասին։ Մեր կյանքում էլ մեր Աստված շատ հրաշքներ է կատարում։ Ինչպե՞ս ապացուցել, թե որ կրոնի ընկալած Աստվածն է ճիշտ։ 2.Աղանդների ներկայացուցիչները ասում են, որ ունեն Սուրբ Հոգի ու խոսում են այլ լեզուներով։ Արդյո՞ք դա ճիշտ է։ Շնորհակալություն

1.Մեր կյանքում այսօր էլ տեղի են ունենում տարբեր հրաշքներ, սակայն հրաշքները, քրիստոնեական ընկալմամաբ, Աստծո գոյությունը կամ ճշմարտացիությունը չեն ապացուցում։ Մեզ համար կարևոր է Քրիստոսի սերը և իրական ներկայությունը մեր կյանքում։ Ամեն կրոնի ներկայացուցիչ իր պատկերացումներն ունի, ու մեր խնդիրը նրանց ինչ-որ բան ապացուցելը չէ, այլ մեր հավատքի մեջ հաստատուն մնալը։ Դա կլինի իրական վկայությունը, որ Քրիստոս իրական Աստված է։

2.«Լեզվախոսությունը» հեթանոսական դիվապաշտությանը բնորոշ երեւույթ է: Հեթանոս քրմերն ու մոլեռանդ ժողովուրդը իրենց «պաշտամունքի» ժամանակ դիվահարվում էին եւ սկսում էին անհասկանալի լեզուներով ինչ-որ բաներ բարբաջել եւ դա համարում էին «աստվածներից տրված հայտնություն»: Այդ երեւույթը առկա է նաեւ մեր օրերում՝ ի դեմս աղանդների։ Հավատի ներքին բովանդակության հստակ ընկալման եւ ճշմարիտ Աստծո պաշտամունքի, իր Եկեղեցու հետ Նրա կենդանի ու հարակայուն հարաբերության վերաբերյալ ստույգ պատկեր կարող ենք ստանալ միայն Սուրբ Գրքի միջոցով: Պողոս առաքյալը, խոսելով Սուրբ Հոգու շնորհների մասին, շատ պարզ ասում է. «Մեկին Հոգուց տրված է իմաստության խոսք, մյուսին՝ գիտության խոսք՝ նույն Հոգուց, մյուսին՝ հավատ՝ նույն Հոգով, մյուսին՝ բժշկումների շնորհ՝ նույն Հոգով, մյուսին՝ զորավոր գործերի կարողություններ, մյուսին՝ մարգարեություն, մյուսին՝ հոգիները զանազանելու շնորհ, մյուսին՝ տեսակ-տեսակ լեզուներով խոսելու շնորհ, մյուսին՝ լեզուների թարգմանության շնորհ» (Ա. Կորնթ.12;8-10, 28 ): «Եւ ում որ Աստված կարգեց եկեղեցու մեջ, սրանք են. նախ՝ առաքյալներ, երկրորդ՝ մարգարեներ, երրորդ՝ ուսուցանողներ, ապա՝ զորավոր գործեր կատարելու շնորհներ, ապա՝ բժշկելու շնորհներ, օգնելու, կառավարելու շնորհներ, տեսակ-տեսակ լեզուներ խոսելու շնորհներ, լեզուների թարգմանության շնորհներ» (Ա Կորնթ.12; 28): Ինչպես կարող ենք նկատել, լեզվախոսությունը Սուրբ Հոգու ամենաառաջնային եւ կարեւոր շնորհը չէ: Առաքյալի խոսքից հասկանալի է դառնում նաեւ, որ Եկեղեցին որպես այդպիսին ուղղակիորեն «ազատամիտ» հավատացյալներից բաղկացած համայնքը չէ, այլ Սուրբ Հոգու կողմից որոշակի շնորհներ ստացած: