22
Նոյ

Հնարավո՞ր է, որ Աստված մարդու հետ խոսի մեկ ուրիշի միջոցով: 

Այո, Աստված կարող է պատգամ տալ ծնողի, եղբոր, որևէ հարազատի, ընկերոջ, քահանայի միջոցով: Աստված Հոգի է և խոսում է մարդու հոգու հետ, և Նրա խոսքը մարդու սրտին է հասնում: (Տես Հռոմ. 12:2) Ս. Պողոս առաքյալն ասում է, որ Աստծո կամքը բարի է, հաճելի ու կատարյալ: Սա նշանակում է, որ Աստծո խոսքը միմիայն խաղաղություն է բերում: Ուստի, եթե որևէ մարդու խոսքը ձեզ տագնապի մեջ է գցել, մերժեք այն: Ընդունեք միայն այն մարդկանց խոսքը, ովքեր աստվածահաճո կյանքով են ապրում և Աստվածաշնչով են առաջնորդվում: Սակայն եթե մեկն Աստծո անունից խոսի կամ պնդի, թե Աստված իր միջոցով ձեզ պատգամ է ուղղում, իմացեք, որ դա սուտ է:
Ս. Անտոն Անապատականն ասում է. «Ինչ էլ որ անես, վկայություն ունեցիր Սուրբ Գրքից»: Աստծո կամքը լիարժեքորեն և կատարելապես արտահայտված է Աստվածաշնչում, ուստի խրատատուն և խրատ ստացողը Աստվածաշնչով պետք է առաջնորդվեն: Դուք էլ՝ Աստծո օրհնությամբ, աղոթքով կարող եք հասկանալ Աստծո խոսքը: Իսկ եթե Աստծո խոսքը Ձեզ երբեմն անհասկանալի թվա, դիմեք քահանային կամ կարդացեք Եկեղեցու Հայրերի մեկնությունները. նրանք Աստծո կողմից միջնորդ են կարգված մեր և Աստծո միջև:

 


Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան