06
Հոկտ
Ճգնակեցությունն Աստծուն հաճելի լինելու համար չի արվել: ճգնակեցությունը միջոց է հոգու զորացման համար: Մենք այդ զորացած հոգիների շնորհիվ այսօր ունենք ողջ Աստվածաշնչի հստակ մեկնությունը, որի կարիքը խիստ ունենք բոլորս, որվհետև երբ կարդում ենք Աստվածաշունչը, ամեն բան հասկանում ենք այնպես, ինչպես թույլ են տալիս մեր մտքի սահմանները: Սակայն խոսքը Մեկ Ճշմարտության մասին է, իսկ յուրաքանչյուր մարդ իր ճշմարտության սպեկտրով է հասկանում Աստծո խոսքը, որն էլ բերում է հաճախ սխալ մեկնաբանությունների և ոչ ճիշտ ըմբռնումների: Իսկ ճգնակեցությամբ, մարմնականի նվազեցմամբ և հոգևորի բարձրացմամբ մեր Հայրերը մաքրագործվել են այնքան, որ կարողացել են տեսնել Աստծո լույսը. չէ՞ որ այդ Լույսը տեսնելու և ընկալելու համար պիտի բավականին պատրաստված լինես: Մենք այդ Լույսը ճանաչում և ընկալում ենք այնքան, որքան թույլ է տալիս մեր ներքին լույսը, իսկ Եկեղեցու Հայրերը զորացրել են իրենց, որպեսզի կարողանան ավելի լայն ընկալել Անսահմանը: Սակայն սա ճանապարհ է, որը չի վերաբերում բոլոր մարդկանց, սա ընտրություն է և այն ևս բարիքի է ծառայում՝ ո՛չ պակաս, քան մի աշխարհիկ մարդու ճանապարհը, ով իր կյանքում արարելով, բարիք գործելով և սովորական քրիստոնյայի կյանքով ապրելով, ևս բարիք է սփռում իր շուրջը և օրինակ հանդիսանում շատերի համար:
Օրհնությամբ` Տ. Ադամ քահանա Մակարյան