09
Օգ
Երբ Նոյից հետո նրա որդիների որդիները արևելքից արևմուտք էին գնում, Սենաար կոչվող երկրում բնակվեցին և որշեցին մի աշտարակ շինել, որը իրենց բնակավայրը կլիներ: Սակայն Աստված թույլ չտվեց, որ աշտարակն ավարտին հասցնեին, որովհետև նրանց մտադրությունները չար էին: Սա երևում է նրանից, որ նրանք «արևելքից» էին տեղաշարժվում, այսինքն՝ ինձ թվում է, թե՝ Աստծուն հակառակ: Երբ Աստված «խառնեց» նրանց լեզուները, և նրանք դադարեցին միմյանց հասկանալ, այդ վայրը կոչվեց «Բաբելոն», որ նշանակում է խառնակություն: Կասեցվեց մարդկության չար միաբանությունը, և միայն լեզուները խառնելու միջոցով հնարավոր եղավ ճշմարտության հետևորդներին այդ խառնակությունից մեկուսացնել և դուրս բերել: Պատմությունից գիտենք, որ մեր նախահայր Հայկը ապստամբեց Բաբելոնի իշխան Բելի դեմ, վերցրեց իր ընտանիքը և, հեռանալով Բաբելոնից, բնակվեց Հայկական բարձրավանդակում և այնտեղ էլ՝ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում, եռաժանի նետով սպանեց իրեն հետապնդող Բելին և փրկեց իր ժողովրդին Բաբելոնի իշխանությունից: Նա եղավ մեր ժողովրդի համար Քրիստոսի օրինակը, ով ջախջախեց բելիարի՝ սատանայի գլուխը և նրա իշխանության տակից ազատագրեց իր ժողովրդին՝ մարդկությանը, և բնակեցրեց Իր Արքայության մեջ: Ուստի Աստված Հայկի սերդին՝ հայ ժողովրդին, տվեց Նոյի զոհասեղանը, որն այժմ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի ավագ խորանի տակ է: Միայն Բաբելոնի օրինակով կարելի է հասկանալ, որ մարդը կարող է հեռանալ իր հայրերի հավատքից և ավանդությունից, մոռանալ Աստծուն: Հետագայում Աստծուն հակառակվելու բաբելոնանման հակումներն էին այլ պաշտամունքների պատճառը, որի մասին Ս. Պողոս առաքյալն է ասում, որ մարդիկ՝ հեթանոսները, չկամեցան Աստծուն փառավորել և Անեղծն Աստծո փառքը փոխեցին եղծանելի առակաների և անասունների հետ, ուստի և Աստված նրանց մատնեց անարգ կրքերի՝ հիվանդությունների և մահվան (տես՝ Հռոմ. 1:18-25):
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան