09
Օգ
Մարդն իսկապես ազատ է: Եթե Ձեզ ասեն, թե դուք մեղավոր եք, դրանով դուք մեղավոր դուրս չեք գա, որովհետև ազատ եք այն չընդունել: Դուք ազատ եք թե՛ հավատալու կամ չհավատալու, թե՛ եկեղեցի կամ այլ տեղ գնալու կամ չգնալու ընտրության մեջ: Ձեր մեղադրանքը, թե կրոնը ստիպում է մարդուն մեղքի զգացումով ապրել, մեղմ ասած, անհասկացողություն է կրոնի նկատմամբ: Մասնավորաբար քրիստոնեությունը ոչ թե, ինչպես դուք եք ասում, ստիպում է մեղքի զգացումով ապրել (կարծում եմ, որ այդպես ապրելն անհնարին է. դա տառապանք կլինի մարդու համար), այլ զգուշացնում է մեղքի մասին: Միևնույն ժամանակ ցույց է տալիս մեղքից բժշկվելու և, այդ միջոցով ապրելու ճանապարհը: Մեղքը իսկապես հիվանդություն է՝ մահացու հիվանդություն: Հավիտյան ապրելու համար ստեղծված մարդը մեղքի պատճառով մահկանացու դարձավ: Ոչ ոք չի ծնվել մեռնելու համար, այլ ապրելու: Մահվան գիտակցությունն ընդհարապես մարդու մտքի և խղճի մեջ չի տեղավորվում: Սակայն եթե մեռնելու ենք, որեմն բավականի՜ն ազատ չենք:
Ավելին կասեմ. գերին ենք մահվան, որ մեղքի պատճառով եղավ: Կա երեք տեսակի ազատություն. կամքի, գործողությունների և հոգևոր: Ազատությունն այն է, որ մեկը կատարում է ինչ-որ բան կամավոր, այլ ոչ թե բռնի: Այս իմաստով մարդու կամքն իսկապես ազատ է: Աստվա՛ծ անգամ չի բռնանում մեր կամքի վրա, որովհետև այդ դեպքում կդադարեինք մարդ լինելուց: Գործողությունների մեջ մարդն այդքան էլ ազատ չէ, որովհետև ունի բարոյականության ապրում, որի ընտրությամբ էլ կատարում է միայն իր հասկացած բարին, մինչդեռ իր հասկացած չարը զսպում է: Հոգևոր ազատության կարող ենք հասնել միայն Աստծո օգնությամբ: Քրիստոնեությունը սովորեցնում է, որ Աստված, Սեր լինելով, չթողեց մեղքի պատճառով մահվան դատապարտված մարդուն մեղքի մեջ հավիտյան տառապել, քանզի հոգին հավիտյան անմահ է և, եթե մեղքի մեջ մնար, հավիտյան կտառապեր, այլ մարդ դարձավ, Իր աստվածային բնությանը միացրեց մարդկային բնությունը և իր անձի մեջ սրբեց մարդուն մեղքից, բոլորովին անմեղ լինելով՝ իր անձը զոհեց խաչի վրա, թաղվեց և երրորդ օրը հարություն առավ, համբարձվեց երկինք և խոստացավ գալ երկրորդ անգամ: Մեզ այսօր քրիստոնեությամբ՝ Աստծո Միածին Որդու շնորհիվ, տրված է հնարավորություն մեղքից, հետևաբար, և դժոխքից ազատագրվել՝ Տեր Հիսուս Քրիստոսի հետ հաղորդությամբ: Աստված նույն ինքը Տեր Հիսուս Քրիստոսն է, Ով ոչ թե, ինչպես դուք եք ասում, պիտակ է Աստծո վրա, այլ մեր Փրկիչ Աստված:
Քրիստոնեությամբ Աստված առավել մերձեցավ մարդուն: Ուստի կրոնների միջև տարբերակում դնելը օգտակար է, որովհետև լավ է մարդու համար, որ հոգևոր ճշմարտությամբ առաջնորդվի: Ձեր խոսքի համաձայն եթե լինի, այսինքն՝ լինի առանց կրոնի հասարակություն, մենք կմնանք առանց հոգևոր սննդի: Կնմանվենք մարդկանց, ովքեր հայտնվել են մի վայրում, որտեղ սնունդ չկա:
Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան