09
Օգ
Իսկապես, կաթոլիկները Ս. Պատարագի ժամանակ օգտագործում են անթթխմոր հաց, սակայն նրանք գինու մեջ ջուր են ավելացնում։ Ղպտիները օգտագործում են թխմորով հաց և նույնպես գինու մեջ ջուր են ավելացնում։ Ասորիները օգտագործում են թթխմորով հաց+յուղ+աղ, գինին բացում են ջրով։ Ուղղափառ Եկեղեցին օգտագործում է թթխմորով հաց, գինուն խառնում է սառը ջուր, վերջում էլ` եռման ջուր։
Հայ Առաքելական Եկեղեցին հավատարիմ է մնացել հնագույն ավանդույթներին ու Ավետարանին և գործում է Առաքյալների կանոնների համաձայն, որոնք հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը։ Մենք օգտագործում ենք անթթխմոր (բաղարջ) հաց և անապակ գինի։
Ըստ հրեական օրենքի, երբ սկսվում էին բաղարջակերաց օրերը, արգելված էր տներում պահել խմորյալ հացի անգամ փշրանք, և եթե մեկի մոտ գտնում էին, ապա քարկոծում էին։ Այսպես և Զատկի օրը թթխմորով հաց չպետք է լիներ, և դրա համար էլ Քրիստոս Հաղորդության Խորհուրդը հաստատեց բաղարջ հացով։ Իսկ երբ գինի վերցրեց, ապա ասված չի, որ բաժակի մեջ ջուր ավելացրեց։ (Եթե դա կարևոր և անհրաժեշտ լիներ, անպայման կնշվեր։) Եվ ընդհանրապես, Նոր Կտակարանում գինու մեջ ջուր ավելացնելու ուղղակի ցուցում չկա։ Ճիշտ է, Հին Ուխտի մեջ կան հիշատակություններ, որ հրեաները ջրի մեջ երբեմն գինի էին ավելացնում, քանի որ գինին մաքրում էր ջրհորի ջուրը և այն խմելու համար պիտանի դարձնում։ Իսկ գինին երբեմն բացում էին ջրով՝ համը հաճելի դարձնելու կամ բժշկության նպատակով։ Բայց դա բոլորովին չի նշանակում, որ Ս. Պատարագի ժամանակ պետք է գինուն ջուր խառնել, քանզի, որպես հանդիմանություն, գրված է։ «Ձեր արծաթը փորձված չէ, ձեր վաճառականները գինուն ջուր են խառնում» (Եսայ. 1:22)։ Ջրի պատճառով գինին դառնում է ապականացու, կորցնում է իր մաքրությունը։ Իսկ մենք փրկված ենք Տիրոջ անապակ Արյամբ։ Սաղմոսում կարդում ենք. «Տիրոջ ձեռքի բաժակը լի է անապակ գինով, որ մատուցում է սրան ու նրան» (Սաղ. 74:9)։
Իսկ ահա թե ի՛նչ է ասում Ս. Հովհան Ոսկեբերանը. «Ինչո՞ւ հարություն առնելուց հետո Նա խմեց ոչ թե ջուր, այլ գինի։ Որպեսզի իսպառ արմատախիլ անի մեկ այլ չար աղանդ։ Սակայն, քանի որ ոմանք գաղտնի ջուր են օգտագործում, ուստի, որպեսզի ցույց տա, որ խորհուրդը հաստատելիս (Տերը) գինի օգտագործեց և հարություն առնելուց հետո, երբ ոչ խորհրդաբար, այլ պարզապես ընթրիք էր մատուցում, նույնպես գինի օգտագործեց, ասաց. որթատունկի բերքից (տե՛ս՝ Մատթ. 26:29, Մարկ. 14:25)։ Որթատունկից գինի է լինում, ոչ թե ջուր»։
Օրհնությամբ` Տ. Ղևոնդ աբեղա Հովհաննիսյան