10.Սերը ամեն բանի հավատում է: Սիրո հանդեպ նման հավատը ռիսկ է, քանի որ դա ոչ մի բանով երաշխավորված չէ, դա կարող է հանգեցնել կործանարար հետևանքների։ Եվ, միևնույն է, սերը հավատում է, որ անվստահությամբ չկորցնի վստահությունն ու մտերմությունը։ Անհավատությունը հեռացնում է և ուժից զրկում. հավատը սիրո հանդեպ ուժ է տալիս, պահում մտերմությունն ու սերը: Ինչպե՞ս կարելի է շարունակել հավատալ, բայց չընկնել կործանարար կրքի մեջ։ Դա կախված է անհատի հասունությունից: Հասուն սերը հավատում է, ընդունում անձի սխալվելու փորձառությունը: Թույլ տալով սիրելիի սխալը՝ ես չեմ դադարում սիրել և հավատալ լավագույնին։ Կախվածություն ունեցողը թաքնվում է ճշմարտությունից, իսկ նա, ով սիրում է ճշմարտությունը, տեսնում, հասկանում և հավատում է իրականին։ Սա է տարբերությունը: Այստեղ ամենակարևորը հավատալու ազատ որոշումն է՝ անկախ ամեն ինչից: Բայց առանց սիրո նման որոշում կայացնելը չափազանց դժվար է։
11.Սերն ամեն բանի համար հույս ունի: Հույսը կապ է՝ հավատքի ու սիրո կապ: Սերը զուգընկերոջ մեջ ընտրում է լավագույնը, նրա հնարավոր հաստատակամությունը, հավատարմությունը, պատասխանատվությունը և ձգտում է այդ հատկանիշներին, այսինքն՝ հույս ունի։ Հույս ունենալ նշանակում է ոչ թե պարզապես թույլ տալ, այլ ակնկալել և պատրաստվել դրանց: Այն պարզապես չի ենթադրում հնարավորը, պարզապես չի սպասում, այլ արդեն պատրաստվում է։ Հույսը ակտիվ ակնկալիք է, այն պատրաստվելու, իրագործման էներգիան է։
12.Սերն ամեն բանի համբերում է: Սիրո համբերությունը սահման չունի, սա հայտնի է։ Բայց «ամեն ինչի համբերել» չի նշանակում «չհասկանալ, թե ինչին է դիմանում», չի նշանակում՝ անխոհեմություն։ Պատասխանատվությունն ու փորձն ասում են, որ երբեմն ավելին չի կարելի հանդուրժել։ Եթե հարաբերություններում համբերությունը անձնատուր է լինում մեղքին, սերը կործանվում է: Հասուն սերը կարող է դիմանալ ամեն ինչի, այն ունի շատ ուժ, բայց բացի ուժից, ենթադրում է պատասխանատվություն։
13.Սերը երբեք չի վերջանա: Պողոս առաքյալի այս խոսքերում մեզ համար հավասարապես արժեքավոր երկու իմաստ կարող ենք տեսնել՝ ժամանակի և գործունեության տեսակետից։ Առաջին իմաստն այն է, որ սերը հենց այն առաքինությունն է, որը կպահպանվի հավերժ: Մեծ երջանկություն է նրանց համար, ովքեր հավատում են, որ իրենց սերը մնայուն արժեք է, որ սերն ունի ամենաբարձր արժեքը, իսկ սիրող անձը շոշափում է հավերժությունը։ Մարդուն ասել. «Ես քեզ սիրում եմ», նույնն է, թե նրան ասել. «Դու հավերժ կապրես, երբեք չես մեռնի…»: Երկրորդ իմաստը սիրո շարունակական էության մեջ է: Նա միշտ ստեղծագործում է, չի հոգնում։ Սերը շարունակում է գործել նույնիսկ այն ժամանակ, երբ ուժ չկա, և թվում է, թե այլևս ելք չկա։ Բայց ելքը գտնված է, քանի որ գործուն սիրո մեջ առավել դրսևորվում է մարդու նմանությունը Արարչին, և Տերը չի թողնում նրանց, ովքեր սիրում են։
Արմինե ՎԱՀԱՆՅԱՆ
հոգեբան
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան