Սիրո գերազանցությունը

Սիրո գերազանցությունը

Քրիստոնեական ավանդույթի մեջ սերը գլխավոր հոգևոր ուղենիշն է: Այն կազմում է հոգևորության առանցքը, Աստծո և իրեն շրջապատող մարդկանց հետ մարդու հարաբերությունների հիմքը: «Սիրո օրհներգ» է կոչվում Պողոս առաքյալի կորնթացիներին ուղղված առաջին նամակի 13-րդ գլուխը. «Եթե ես մարդկանց և հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, ապա կնմանվեմ մի պղնձի, ծնծղաների, որ հնչում են: Եթե ես մարգարեություն անելու շնորհ ունենամ, ես  հասկանամ բոլոր խորհուրդները և ամբողջ  գիտությունը, և եթե ամեն հավատքն ունենամ մինչև սարերն էլ տեղափոխելու, բայց սեր չունենամ, ապա ես ոչինչ եմ: Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ապա ոչ մի օգուտ չեմ ունենալ։ Բայց արդ, մնում են հավատք, հույս, սեր: Այս երեքը, և սրանցից  մեծագույնը սերն է»: Նշվում են սիրո հատկությունները, որոնցից  յուրաքանչյուրն արժանի է առանձին վերլուծության։

 

1.Սերը երկայնամիտ է: Երկայնամտություն նշանակում է իմանալ, թե ինչպես սպասել անձի ապաշխարությանը և ապաքինմանը: Երկայնամտություն նշանակում է «սպասել կատարյալին», «վերաբերվել այնպես, ասես երկար սպասվածն արդեն եկել է»։ Նման երկայնամիտ սիրո օրինակ է աստվածաշնչյան  Հակոբի սերը իր կնոջ՝ Ռաքելի հանդեպ, որին նա անմիջապես սիրահարվել էր, բայց երկու անգամ սպասել է նրա հետ ամուսնությանը՝ յոթ տարի՝ աշխատելով իր հորեղբոր՝ Լաբանի մոտ (տե՛ս Ծննդ. 29։27)։

 

2.Սերը քաղցրաբարարո է: Այդպիսին է սիրող մարդուն բնորոշ ողորմածությունը, նա, ասես, իր սիրելիին ընդգրկում է «իր մարմնի» մեջ: Նմանապես, ուրիշների հանդեպ ողորմածությունը հիմնված է սիրո վրա, ինչպես սեփական մարմնի հանդեպ վերաբերմունքը: Մերձավորն ընդգրկված է իր էության՝ իր տիեզերքի տիրույթում:

 

3.Սերը չի նախանձում: Որպես կանոն, սիրո մեջ մարդն ապրումների այնպիսի հագեցվածություն է ապրում, որ չի կարողանում զսպել իրեն, որպեսզի չկիսվի իր սիրելիի հետ, նա ցանկանում է խոսել իր զգացմունքների մասին, հոգ տանել նրան: Սերը ձգտում է արտահայտվել: Եվ այստեղ նախանձի տեղ չկա, քանի որ լիարժեքությունից պետք չէ ավելին ցանկանալ և համեմատվել ուրիշների հետ։

 

4.Սերը չի գոռոզանում: Սերը ուրիշի հետ կապի ուժն է, որը մարդուն մտավոր և զգայական վերելք է ապահովում։ Սերը բարձրացնում է սիրողին դիմացինի աչքում՝ առանց իրեն նվաստացնելու։ Այստեղ սիրելիի վեհացումը ոչ թե մրցակցության արդյունք է (ով ավելի մեծ է, խելացի, ավելի կրթված, ավելի ճիշտ), այլ նրա համար ուրախություն, հիացմունքն արտահայտելու ցանկություն:

 

5.Սերը չի հպարտանում: Հոգեբանական տեսանկյունից հպարտությունը անհատի ներքին ուժեղ վերաբերմունքն է, որն ունի փոխհատուցող և պաշտպանիչ նշանակություն։ Հպարտությունն առաջանում է ինքնահաստատման երկարատև և կրքոտ ջանքերից. այն ստեղծում է ապահովության և ինքնաբավության պատրանք՝ մյուսի մեջ տեսնելով վտանգավոր թշնամի, որը կարող է ոչնչացնել մեկ ուրիշի աշխարհը: Մյուս կողմից, սիրող անձը խոնարհաբար գիտի իր չափն ու գնահատանքը: Ահա թե ինչու սերը ամրոցներ չի կառուցում իր և ուրիշների միջև, այն չի կարող մեկուսացվել և մեկուսացնել:

 

6.Սերը իրենը չի որոնում: «Փնտրել իրենը», նշանակում է փնտրել սեփական օգուտը, մտածել միայն իր մասին։ Սերը հարուստ է, հետևաբար, նա այլ բան չի փնտրում, այլ պատրաստ է առատաձեռնորեն կիսվել սիրելիի և ամբողջ աշխարհի հետ:

 

7.Սերը չարը չի մտածում: «Չարն է մտածում» նա, ով գտնվում է վախի, ինքնակեղեքման, ատելության, նախանձի, ամոթի և տագնապի ճիրաններում: Սերը առատաձեռն է, նրա համար խորթ են այս ապրումները: Նա չի «մտածում» նախանձոտ դատապարտությամբ, հուզիչ կատաղությամբ: Սիրող անձը ձգտում է  բարին խորհել՝ նրա սրտում կա ուժ, ժամանակ, հարմար խոսքեր, քնքշություն և բարեհաճություն սիրելների հանդեպ: Սիրո մեջ կա մտերմություն, իսկ մտերմությունը իմաստ է տալիս այն ամենին, ինչ կատարվում է սիրելիների հետ: Իսկ եթե ինքդ քեզ չարիք չես ցանկանա, ապա չարը չես մտածի նաև նրա հանդեպ, ում սիրում ես քո անձի  պես։

 

8.Սերը չի ուրախանում անիրավության վրա: Սուտը, խաբեությունը, խարդավանքը, զրպարտությունը, ավաղ, շատ են հանդիպում մերօրյա կյանքում։ Վախով սնված այս կրքերը հաճախ բռնկվում են չզորացած սիրո մեջ, բայց սերը դուրս է մղում վախը: Սիրո   մեջ  վախ չկա: Ուստի սերը կարող է դառնալ ճշմարտության, անմիջականության և պարզության տարածություն, մի տարածություն, որը թույլ չի տալիս դրսից աշխարհի փորձությունների ներթափանցումը:

 

9.Սերն ամեն բանի դիմանում է: Սերը պաշտպանություն է:  Ծածկել՝ նշանակում է, ասես, անտեսանելի դարձնել, ասես չլինել: Բայց սա չի նշանակում արդարացնել կամ մեղքը, սխալը, հանցագործությունը քողարկել: Ծածկել՝ նշանակում է առատաձեռնությամբ վերքը բուժել, քաղցածին կերակրել, ցրտին տաքացնել։ Սիրով ծածկել և դիմակայել՝ նշանակում է լրացնել ողորմության, բարեպաշտության, արդարության, ճշմարտության և բարության պակասը:

 

(շարունակելի)

 

Արմինե ՎԱՀԱՆՅԱՆ

հոգեբան
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

  • 2025-03-21
×