Սուրբ Սարգիս. սիրո հայկական տոնը

Սուրբ Սարգիս. սիրո հայկական տոնը

Մոտենում է սիրո մասին վկայող ևս մեկ հայկական տոն: Հայ Առաքելական Եկեղեցին այն կնշի փետրվարի 15-ին: Սուրբ Սարգիսը սեր փնտրողների ու գտնողների, սիրո համար պայքարողների ու չհանձնվողների տոնն է: 
 

Նրանց տոնը, ովքեր սիրում են 
 

«Աստված մեզ տվել է այս օրը, որ կարողանանք սեր փոխանցել դիմացինին». Տեր Արսեն քահանա Սարոյան
 

Սուրբ Սարգսի տոնը պատմում է սիրո մարտիկի, նրա քաջագործությունների, պայքարի, ինքնազոհաբերման ու հանուն Սիրո նահատակվելու մասին:
 

Ըստ Հայսմավուրքի՝ Սուրբ Սարգիսը՝ Հայաստանին սահմանակից Կապադովկիայի իշխանն ու սպարապետը, գթասիրտ քրիստոնյայի, սիրող մարդու օրինակ էր: Նա տարածում էր քրիստոնեության լույսը, օգնում կարիքավորներին, իր ունեցվածքից բաշխում նրանց: Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի, հանուն մեծ սիրո: 
 

Քրիստոնեությունը սիրո կրոն է: Քրիստոնյաների կյանքը պետք է հիմնված լինի սիրո վրա, քանի որ մենք հավատում ենք, որ աշխարհի արարման մղիչ ուժը սերն էր: Աստծո մարդացման պատճառը Նրա սերն էր: Գրված է. «Աստված սեր է», «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց»: Սերը մարդու հոգու շարժիչ ուժն է: 
 

Սուրբ Սարգիսը բոլորիս տոնն է, որովհետև սիրելով ու սեր տարածելով ենք մենք նմանվում Արարչին: 
 

Քաջ զինվորների տոնը
 

«Հովհաննես Ավետարանիչն ասում է՝ Աստծո անունը սեր է: Քրիստոնեությունն ամբողջությամբ սիրո մարմնացումն է: Սուրբ Սարգիս զորավարն այդ սիրո մարտիկն էր». Տեր Շահե քահանա Հայրապետյան
 

Ամենահաղթ ռազմիկ, գերազանց սպարապետ. այսպես է բնութագրվում Սարգիս զորավարը: Հայ մանրանկարչության մեջ պատկերվում է ճերմակ նժույգի վրա, զինավառ կերպարանքով, հաճախ` վիշապ օձին նիզակահարելիս: 
 

Զորավարն իր հավատքի, ռազմական հմտության, նվիրումի ու քաջության շնորհիվ տոնել է բազմաթիվ հաղթանակներ, հռչակվել ամենահաղթ ռազմիկ` բարբարոսների դեմ մղված ճակատամարտերում: Հայ ժողովրդի պատկերացումներում ընկալվում է որպես հայության պահապան հսկողը, որը հրեղեն ձիով իր տոնին նախորդող գիշերը սլանում է Հայկական լեռնաշխարհով: 
 

2014 - 2018 թվականներին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ իրականացվել է «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը, որը երախտիքի դրսևորում էր զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինվորների ընտանիքներին: Ամեն տարի հավաքված 50 մլն դրամը բաշխվել է ընտանիքներին: 2016 թվականից Նավասարդ Սրբազանի կողմից հիմք դրվեց մեկ այլ ծրագրի, որն իրականացվում է մինչև այսօր։ Ամեն տարի տոնի առիթով պարգևատրվում են ՀՀ զինված ուժերում ծառայության մեջ աչքի ընկած զինվորներն ու գնդերեցները։
 

Հանուն սիրո պայքարողների տոնը 
 

«Սերը մարդուն աներկյուղ է դարձնում բոլոր տանջանքներից». Սուրբ Հովհան Մանդակունի
 

Սուրբ Սարգիսն օրինակ է՝ հանուն սիրո պայքարի: Ավանդությունը պատմում է, երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք սկսվում են քրիստոնյաների հալածանքները, Աստված երևում է զորավարին ու ասում. «Ժամանակն է, Սարգի՛ս, որ ելնես քո երկրից ու ժողովրդից, ինչպես նախկինում Աբրահամը, և գնաս ա՛յն երկիրը, որը Ես քեզ ցույց կտամ»:
 

Սուրբը, ողջ հարստությունը տալով աղքատներին, իր որդի Մարտիրոսի հետ գնում է հայոց Տիրան արքայի մոտ: Արքան իմանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է դեպի Պարսկաստան, հորդորում է Սարգսին գնալ Շապուհի մոտ: Շապուհը Սարգսին նշանակում է զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, Սարգսի շնորհիվ, հրաժարվում են հեթանոսությունից: Երբ պարսից արքան պահանջում է, որ քրիստոնյա զորավարը պաշտի կրակն ու զոհ մատուցի, զորավարը մերժում է ու կործանում բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Սարգսի ու նրա որդու վրա: 
 

Նահատակվում է զորավարի որդին` Սուրբ Մարտիրոսը: Սարգիսը բանտարկվում է, սակայն հավատարիմ մնում իր հավատքին: Ըստ Հայսմավուրքի՝ սուրբը կառափնարան գնալիս աղոթում է, խնդրելով. «Քրիստո՜ս, Տե՛ր և Աստվա՛ծ իմ, բոլոր նրանք, ովքեր իրենց նեղության ժամանակ հիշեն իմ անունն ու ուխտով և Պատարագով կատարեն իմ նահատակության հիշատակը, ինչ որ խնդրեն Քեզնից իմ անվամբ, Տեր Աստվա՛ծ մեր, Դու լսի՛ր, ողորմի՛ր ու կատարի՛ր նրանց խնդրանքները»: Երկնքից ձայնը պատասխանում է. «Կշնորհե՛մ Ես քեզ այն, ինչ խնդրում ես Ինձնից, և կկատարեմ քո բոլոր խնդրանքները, այժմ դու արի՛ ու վայելի՛ր քեզ համար պատրաստված բարիքները»: 

 

Դահիճը կտրում է սրբի գլուխը, ու նրա մարմինը ողողվում է պայծառ լույսով:


Կարդացեք նաև «Սուրբ Սարգիս. սեր փնտրողների ու գտնողների տոնը»
Նկարիչ՝ Արմեն Վահրամյան:

  • 2025-01-27
×