Մոտենում է սիրո մասին վկայող ևս մեկ հայկական տոն: Հայ Առաքելական Եկեղեցին այն կնշի փետրվարի 15-ին: Սուրբ Սարգիսը սեր փնտրողների ու գտնողների, սիրո համար պայքարողների ու չհանձնվողների տոնն է:
Սեր փնտրողների տոնը
«Սիրեք իրար, շատ սիրեք, որպեսզի ապրեք». Կոմիտաս
Փետրվարի 14-ի լույս 15-ի գիշերը երիտասարդները կուտեն աղի բլիթը՝ սպասելով, որ երազում կտեսնեն իրենց ապագա սիրելիին: Ժամանակին աղի բլիթը ճաշակելուց հետո, հաջորդ օրը հարսնացու աղջիկները հավաքվում էին, միմյանց պատմում ու մեկնաբանում տեսած երազները. տեղի էր ունենում «աղջիկ ժողվրտանքը»: Սկսվում էր հացկերույթը, աղջիկները պարում էին, երգում, կատակում: Փեսացուներն էլ փորձում էին հանդիպել սիրելիներին:
Աղի բլիթ ճաշակելը պարզապես ժողովրդական սովորություն է, խաղ, որը պահպանվել է մինչև օրս:
Սիրահարների տոնը
«Մուրազատու Սուրբ Սարգիս,
Դու հասնիս մըր էրկուսիս»:
Նման խնդրանքներով էին Սուրբ Սարգսին հաճախ դիմում սիրահարները: Նրանց պահապան համարվող սրբի անունը բանավոր ավանդության մեջ կապված է ամուսնության ցանկության կատարման հետ:
«Աշուղ Ղարիբ» սիրավեպի տարբերակներից մեկում պատմվում է, թե ինչպես է զորավարը միացնում երկու սիրող սրտեր: Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում էր մի հարուստի աղջկա՝ Շահսանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց նրա հայրը հավանություն չէր տալիս այդ ամուսնությանը: Աշուղ Ղարիբը գնում է օտարություն, որ հարստանա: Հրաժեշտի ժամանակ խնդրում է աղջկան, որ յոթ տարի հետո, եթե չվերադառնա, աղջիկն ամուսնանա ուրիշի հետ: Յոթ տարի անց, վերադարձին Աշուղ Ղարիբն ուշանում է: Նա օգնության է կանչում Սուրբ Սարգսին: Հայտնվում է արագաս սուրբն ու Աշուղ Ղարիբին առնում ձիու գավակը, մի ակնթարթում հասցնում է հայրենի քաղաքը, ուր Աշուղն ամուսնանում է:
Երիտասարդների տոնը
Սուրբ Սարգիսն ընդունված է ոչ միայն որպես ճանապարհին վտանգվածների ապավեն, այլև բոլոր նեղյալների արագահաս օգնական: Նրան նվիրված շարականների, բանաստեղծությունների տողերում ասվում է. «Արագահաս Սուրբ Սարգիս, դո՛ւ եղիր մեզ ապավեն և օգնական»: Զորավարը նաևերիտասարդների բարեխոսն է: Զորավարի կերպարը միշտ ոգեշնչել է երիտասարդներին՝ որպես երազանքի իրագործողի: Դիմել են արագահաս սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:
Սուրբ Սարգսի հիշատակության օրը, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ, հռչակվել է Երիտասարդների օրհնության օր, և Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում կատարվում է Երիտասարդների օրհնության կարգ: