Սերը միավորող է, երբ չունենք սեր, չունենք միություն

Սերը միավորող է, երբ չունենք սեր, չունենք միություն

Սեր ու ատելություն. ինչպե՞ս կարող է վնասել ատելությունն ու փրկել սերը: Ստորև մեր զրուցակցի՝ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու խորհրդակատար Տեր Տիգրան քահանա Բադիրյանի հետ զրույցից հատված:

 

Երբ չունենք սեր…

 

-Մեր հասարակությունում քրիստոնյաները մեծամասնություն են, բայց սա անվանական քրիստոնեություն է: Իրական հոգևոր կյանքը մեծ ճիգ է պահանջում՝ սիրել դիմացինին: Քրիստոնեական կյանքը հիմնված է սիրո վրա, բայց ցավոք մեր իրականության մեջ մարդկանց միացնող ուժը, ոչ թե սերն է, այլ ատելությունը: Մենք չենք դադարում պայքարել իրար դեմ, որովհետև շարունակ բաժանարար գծեր ենք գտնում մեր մեջ: 

 

Սերը միավորող է, երբ չունենք սեր, չունենք միություն: 

 

Քրիստոնեական սերն ու մենք

 

-Ժամանակակից աշխարհը մեզ տվել է սիրո պատկերացում, պատրանք, և բոլորը փնտրում են պատրանքային սերը: Այն գալիս է վեպերից, ֆիլմերից, մարդու գիտակցության նվազումից: Փիլիսոփայությունն ունի երեք տերմին սիրո համար՝ էրոսը սեռական սերն է, ֆիլոսը՝ ճանաչողությունը, ագապեն՝ միությունը: Քրիստոնեական սերը միության ձգտող սերն է: Սիրել, նշանակում է մեկ լինել, քոնը համարել դիմացինի ցավը, ուրախությունը: Միության համար մենք չափազանց եսասեր ենք, հպարտ: Մեր հայրերն ասում են՝ հպարտությունը մեղքերի ծնողն է: 
 

Հպարտությունը մեզ թույլ չի տալիս սիրել դիմացինին: 
 

Տիրոջը սիրելու բանաձևը
 

-Եթե ուզում եք տեսնել՝ ինչպես է ազգը վերաբերվում իր հայրենիքին, պետք է տեսնել, թե ինչպես է հասարակության մեծամասնությունը վերաբերվում իրենց երեխաներին: Եթե սիրում ես երեխաներիդ, այլ մարդկանց ևս կարող ես սիրել: Եթե չես սիրում մերձավորիդ, օտարին սիրել չես կարող: Քրիստոս ասում է. «Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսել» (Ա Հովհաննես 4:20)։

 

Աստծուն սիրելու ճանապարհը սկսվում է մարդուն սիրելու ճանապարհով: 
 

Նրանք, ովքեր սիրում են…
 

-Քրիստոնեության միջոցով է միֆազերծվել աշխարհը, արարչությունը նաև քրիստոնեության միջոցով ենք ունեցել միազույգություն, միաամուսնություն: Այս ձեռքբերումները թույլ են տվել, որ մենք կարողանանք խոսել մարդասիրության, խաղաղության մասին: Նախաքրիստոնեական աշխարհում խաղաղության կամ մարդկանց համակեցության մասին խոսելը բարդ էր, այդ պատճառով առաքյալները չէին ստանում լայն ընկալում:
 

Այսօր ևս նրանք, ովքեր հոգևոր են, այսինքն՝ սիրում են, այլմոլորակային են այս աշխարհի համար: 
 

Ատելությունը…
 

-Միշտ կարելի է գտնել ատելության պատճառներ: Այն հոգևորության, Աստծո ներկայության բացակայության, մարդու տրամադրվածության խնդիր է: Մաքիավելին ասում է՝ ատելության օրինականացումը պատկանում է պետությանը, որովհետև պետությունն ատելության առարկան թելադրող գործիք է, ասում է, թե ինչ պետք է ատենք, ինչ՝ սիրենք: Այս մենաշնորհը մեր երկրում վերցրել են նաև շատ հասարակական գործիչներ: Ատելությունը մեր մեջ ստեղծում է հասարակական ճեղք: 

 

Քչերն են խոսում այն մասին, թե ինչ պետք է սիրենք, շատերը խոսում են այն մասին, թե ինչ պետք է ատենք: 

 

Մեր ողբերգությունը…

 

-Մարդկության պատմության ընթացքում վտանգների ժամանակ մարդիկ մի կողմ են դրել տարաձայնությունները և համախմբվել են այն ամենի շուրջ, ինչ իրենց միավորել է՝ ընդհանուր շահեր, գաղափարներ, արժեքներ: Մարդկանց համախումբն օգնել է հաղթահարել վտանգները, պահպանել տեսակը: Այսօր մենք չունենք գեթ մեկ հարց, որը մեզ կմիավորի: Սա մեր ազգի ամենամեծ ողբերգությունն է: Եթե շարունակենք ապրել նույն կերպ՝ դադարել ձգել մեկս մյուսին, ցավոք, վաղ թե ուշ կկործանվենք: Ավետարանն ասում է. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է»: 

 

Մեզ կարող է օգնել հոգևոր կյանքը, սերը:

 

Կարդա նաև «Հոգևոր է այն մարդը, որը գիտի սիրել»

 

Պատրաստեց Անի Ավագյանը

  • 2024-12-03
×