Ո՞վ է հոգևոր մարդն ու ինչպիսի՞ն է. ներկայացնում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու խորհրդակատար Տեր Տիգրան քահանա Բադիրյանը:
Հոգևոր կյանքի մասին՝ որպես նախաբան
- Քրիստոնեական կյանքը հիմնված է սիրո վրա: Աշխարհի արարման մղիչ ուժը սերն էր: Աստծո մարդացման պատճառը Նրա սերն էր: Սերը մարդու հոգու շարժիչ ուժն է: Գրված է. «Աստված սեր է», «Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն»: Ուրեմն՝ Աստծուն նմանվելու, հոգևոր լինելու համար՝ պետք է կարողանանք սերտել այդ կարևոր հատկանիշը՝ սիրել:
Ուրեմն՝ ո՞վ է հոգևոր մարդը
-Հոգևոր է այն մարդը, որը գիտի սիրել, կարողանում է սիրել դիմացինին և Աստծուն:
Հոգևոր լինելու սխալ ընկալումները
-Եկեղեցական ծեսերին մասնակցելը, ճգնակեցությունը, անգամ ինքնախարազանումը արտահայտումներ են, որոնք հաճախ կարող են ինքնախաբեություն լինել, եթե չկա սեր, եթե մարդը չի սիրում դիմացինին: Հոգևոր են նրանք, ովքեր մարդու մեջ տեսնում են ոչ թե նրա մեղքերը, այլ Տիրոջը: Ծոմապահությունը, ճգնակեցությունը… եթե դրանց մեջ սեր չկա, նպատակր սերը չէ, դատարկ բաներ են՝ լոկ ուղղված պատասխանատվությունից խուսափելուն: Եթե խոսում ենք ճգնակեցության մասին, մարդուն հանրությունից պարզապես կտրելը ոչ թե բարձրացնում է նրա անձնային հատկանիշները, այլ նրան մղում չգոյության: Հակառակը, քրիստոնեական Եկեղեցում վանականությունը, ոչ թե մարդկանցից հեռու լինելու համար էր, այլ անձնական կյանքը զեղչելու, որպեսզի կարողանան օգնել մարդկանց, հիվանդներին: Սա մարդկանց և Աստծո նկատմամբ սիրո գերագույն արտահայտությունն էր: Այն ջանքերը, որոնք մարդիկ ներդնում են՝ հոգևորության կերպար ստեղծելու համար, եթե ներդնեն դիմացինին սիրելու մեջ, մենք կունենանք ավելի լավ աշխարհ:
Հոգևոր մարդը քրիստոնեությունում և այլ կրոններում. մարմնի ու հոգու բաժանում
- Երբ որոշ քրիստոնյաներ պայքար ենք հայտարարում մարմնի դեմ, հյուծում մարմինը, փորձում բաժանել մարմնավոր և հոգևոր կյանքը ու մտածում, թե դա հոգևորություն է, ինչպես արևելյան կրոններում, մոլորության մեջ են: Հոգևորի և մարմնավորի բաժանումն արհեստական է: Քրիստոնեական ընկալմամբ՝ հոգևորությունը անմարմնությունը չէ, այլ մարմնով, քո կրքերով հանդերձ, դիմացինին և Աստծուն սիրելու կարողությունն է: Մարմինը մեզ համար ապրելու և փրկությունը վաստակելու միջոց է: Մեր մարմինը մեր փրկության գործիքներից մեկն է և մեր անձի բաղկացուցիչ մասը: Շատ կարևոր հանգամանք կա մեր աստվածաբանության մեջ. մենք հավատում ենք մարմնով հարությանը: Երբ մենք բաժանում ենք մարմնավոր և հոգևոր կյանքը, մեր մեջ առաջացնում ենք եսի, անձի արհեստական բաժանում, շիզոֆրենիա:
Հոգևոր մարդը քրիստոնեությունում և այլ կրոններում. չգոյությո՞ւն, թե՞ գոյություն
-Ժամանակակից աշխարհումարևելյան կրոնների ընկալումը Աստծո՝ վերցված հինդուիզմից, բուդդիզմից, մարդուն դարձնում է եսակենտրոն, հոգևորությունը շփոթում պատասխանատվությունից խուսափելու հետ: Հինդուիզմը կամ բուդդիզմը հերքում են Աստծո գոյությունը: Ըստ հինդուիզմի՝ ամբողջ աշխարհը քունն է, երազը: Ամեն ինչի վերջը չգոյությունն է, նիրվանան անգոյությունն է: Եթե ոչինչ գոյություն չունի, ոչինչ իմաստ էլ չունի: Եթե ոչինչ իմաստ չունի, ոչնչի համար հոգ էլ չպետք է տանել: Ժամանակակից արևմտյան աշխարհը գնում է սեփական եսի հարմարավետության ճանապարհով: Հարմարավետության ձգտումը մարդուն հետ է պահում պատասխանատվությունից: Քրիստոնեությունն ընկալում է Աստծուն՝ որպես իրականություն: Այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, իրական է, գոյություն ունի: Եթե ամեն ինչ իրական է, պետք է այդ իրականությունն ունենա նպատակ, փոխհարաբերությունների իմաստ: Քրիստոնեական ընկալումն է. մարդը գոյություն ունի, որպեսզի կարողանա սեր ստանալ և սիրել:
Առանց սիրո չկա հոգևորություն, իսկ սիրո մեջ կարևոր է ծառայությունը: