Մեղաները

Մեղաները

Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը խոսում է «Զղջման» աղոթքի, մեղաների շարքի մասին:

 

 

«Մեղանչեցի Ամենասուրբ Երրորդության` Հոր, Որդու և Սուրբ Հոգու դեմ: Մեղանչել եմ Աստծո դեմ: Խոստովանում եմ Աստծո, Սուրբ Աստվածածնի և քո առաջ, հայր սուրբ, գործածս բոլոր մեղքերը: Քանզի մեղանչեցի խորհրդով, խոսքով և գործով, կամովին և ակամա, գիտությամբ և անգիտությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ»:

 

-Յուրաքանչյուր մեղք՝ անկախ նրանից, թե ում դեմ է գործվել, դեմ է Տիրոջ խոսքին: Երբ չենք հետևում պատվիրաններին, հակառակվում ենք Աստծո օրենքներին, խոսքին, նշանակում է մեղք ենք գործում նախ Տիրոջ դեմ: Այդ պատճառով ասում ենք. «Մեղանչել եմ Աստծո դեմ»: Ինչո՞ւ ենք ասում. «Խոստովանում եմ Աստծո, Սուրբ Աստվածածնի և քո առաջ, հայր սուրբ», քանի որ Աստվածամայրը մեր առաջին բարեխոսն է, իսկ հայր սուրբը՝ մեր միջնորդը: Մեղքերը կարող են գործվել կամովին, երբ մարդ դրանք գործում է առանց պարտադրանքի. ակամա, երբ անզգուշաբար է մեղանչում. գիտությամբ, այսինքն՝ գիտակցելով, որ իր արածը մեղք է և անգիտությամբ, այսինքն՝ չհասկանալով, որ մեղք է գործում: Մեղքերը խոստովանելիս հիշենք, որ կանգնում ենք պատասխանատվության Սուրբ Երրորդության առաջ, պետք է լինենք հնարավորինս անկեղծ, քանի որ Տերն ամենատես է: 

 

«Մեղանչեցի հոգովս և նրա զորություններով, մտքովս և նրա շարժումներով, մարմնովս և նրա զգայարաններով։ Մեղանչեցի հոգուս զորությամբ՝ խորամանկությամբ և անզգամությամբ, հանդգնությամբ և երկչոտությամբ, շռայլությամբ և ժլատությամբ, զեխությամբ և անիրավությամբ, չարահավանությամբ, հուսահատությամբ և թերահավատությամբ։ Մեղանչեցի Աստծո դեմ»։

 

-Մարդը մեղք է գործում հոգով, մտքով ու մարմնով: Մեղքը նախ ծնվում է մտքում, ընդունելի է դառնում մարդու մտքում և այնուհետև իրագործվում: Մեր Եկեղեցու վարդապետների համաձայն՝ հոգին եռամասնյա է։ Հոգու երեք զորություններն են՝ բանական, ցասմնական և ցանկական: Բանականությունը հսկելով ցասումին, որը մարդկային կամային հատկանիշներն են՝ միտքը և կամքը, սկսում է իշխել ցանկություններին, որոնք մարմնի զգայարանների միջոցով դրսևորվում են կյանքում: Սրանց հակադիր առաքինություններն են՝ հույս, հավատ, սեր, որոնցով պետք է պայքարել գործած մեղքերի դեմ: 

 

«Մեղանչեցի մտքիս չար խորհուրդներով՝ նենգությամբ, ատելությամբ, հիշաչարությամբ, մախանքով, չարակնությամբ, թուլությամբ, պոռնկական խորհուրդով՝ արվամոլական, իգամոլական, անասնական, գրաստական, գազանական, գիշերն ու ցերեկը երազական գիջությամբ և անրջական գարշելի աղտեղությամբ։ Մեղանչեցի Աստծո դեմ»։

 

-Ներկայացվող չար խորհուրդների շարքում դասված մեղքերը սրտի չար զգացումներ են և մտքում գործվող մեղքեր։ Այստեղ խոսվում է գործով կատարվող մեղքի արմատի մասին: Նշվում է ոչ թե մարդասպանության, այլ ատելության մասին: Պետք է միտքը բուժել, միտքը արթուն պահել աղոթքով, Աստվածաշնչի ընթերցանությամբ: Տերը պատվիրում է. «Զգո՛ւյշ եղեք, արթուն մնացե՛ք և աղոթե՛ք» (Մարկոս 13:33):

 

Մեղանչեցի մարմնիս ցանկությամբ՝ հեշտասիրությամբ, պղերգությամբ, քնի հորանջմամբ, մարմնի շարժումներով ու պես-պես ախտերով զազրագործությամբ, ականջներովս ցանկասիրությամբ լսելով, աչքերիս անմաքրությամբ, սրտիս ցանկությամբ, ռունգներիս մեղկությամբ, բերանիս անպարկեշտությամբ, անժուժկալությամբ, շվայտությամբ և հարբեցողությամբ։ Մեղանչեցի Աստծո դեմ։

 

-Մեր մարմինը միջոց է, որով կատարվում են մարդու հոգում ծնված ցանկությունները։ Մարմնի ցանկությունների աղբյուրը թաքնված է հոգու մեջ: Կան մեղքեր, որոնք պղծում են մարմինը, օրինակ՝ շնությունը: Մարմնի մաքրության պահպանումը կարևոր է քրիստոնյայի համար: Խոսքը մեղքից ու արատավոր ցանկություններից մարմինը մաքուր պահելու մասին է։ Մեր մարմինը Սուրբ Հոգու տաճարն է, քանի որ Աստծո Հոգին, Իր շնորհներով, հանգրվանում է այնտեղ: 

 

Մեղանչեցի լեզվիս չարաբանությամբ՝ ստախոսությամբ, սուտ երդմամբ, երդմնազանցությամբ, հակաճառությամբ, վիճաբանությամբ, չարախոսությամբ, շոգմոգությամբ, քսությամբ (բամբասանք, չարախոսություն) դատարկաբանությամբ, ծիծաղով ու ծաղրով, զրախոսությամբ, հերձախոսությամբ, անիծելով, տրտնջալով, դժգոհելով, բամբասելով և հայհոյելով։ Մեղանչեցի Աստծո դեմ։

 

-Ասվում է. «Մեր անդամների մեջ հաստատված այդ լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը և գեհենի բորբոքված կրակով վառում մեր ամբողջ գոյությունը» (Հակոբոս 3:6-7):

 

Մեր լեզվով կարող ենք վիրավորել, սպանել կամ վերքեր բուժել, կենդանացնել: Իշխելով մեր լեզվին՝ կարողանում ենք իշխել ամբողջ մարմնին: Տերն ասում է. «Մարդիկ ամեն դատարկ խոսքի համար, որ խոսում են, հաշիվ են տալու դատաստանի օրը» (Մատթեոս 12:36): Քրիստոնյան նա է, ով իր խոսքը և գործը, շնորհներն օգտագործում է հանուն Աստծո: Շատ կարևոր է զսպել մեր լեզուն: Այսօր շատ ընտանիքներ քայքայվում են, որովհետև անդամները հաճախ չեն կարողանում լռել: 

 

Շարունակությունը՝ այստեղ

 

Պատրաստեց Անի Ավագյանը

 
  • 2024-11-08
×