Քրիստոնեությունը պետք է լինի մեր առօրյան. մեղաներ

Քրիստոնեությունը պետք է լինի մեր առօրյան. մեղաներ

Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը խոսում է «Զղջման» աղոթքի, մեղաների շարքի մասին:

 

«Մեղանչեցի ձեռքով գողանալով, ագահելով, զրկելով, հարվածելով, սպանելով և  գարշելի գործեր կատարելով: Մեղանչեցի Աստծո դեմ»:

 

-Ներկայացված են մարմնի հինգ զգայարաններից մեկի՝ շոշափելիքի միջոցով գործվող մեղքերը՝ գարշելի գործերը: Տասը պատվիրաններից մեկը վերաբերում է գողությանը. «Մի՛ գողացիր»: Ասելով՝ գողանալ պետք է հասկանանք նաև մտքերի, գաղափարների գողությունը: Երբ մարդ գողություն է կատարում և ցանկանում է թողություն ստանալ, միայն զղջումն ու խոստովանությունը բավական չեն, անհրաժեշտ է հատուցել վնասը: 

 

Սպանությունը ևս արգելված է տասնաբանյա պատվիրաններով. «Մի՛ սպանիր»: Ագահելը՝ ագահությամբ լցվելը, մարմնի անդամներով կատարվող մեղք չէ, սակայն ծնում է նման մեղքեր, օրինակ՝ գողություն, սպանություն։ Մեղք է նաև, երբ մարդիկ դիմացինին զրկում են նրանց վաստակից, չեն վարձատրում աշխատանքի դիմաց: Հիշենք, որ կենդանուն անտեղի հարվածելը, ծեծելը, վնասելը ևս մեղք է: Պետք է գութ ունենալ Աստծո բոլոր արարածների հանդեպ: 

 

«Մեղանչեցի մարմնիս բոլոր մասերով ու բոլոր անդամներով, հինգ զգայարաններով և վեցյակ շարժումներով` վերամբարձ ոտնահարությամբ, վայրաքարշ մեղկությամբ, աջ և ձախ խոտորվելով, նախկինների մեղքերը գործելով և գալիք սերունդներին չար օրինակ թողնելով: Մեղանչեցի Աստծո դեմ:

 

-Մարդու վեցյակ շարժումներն են՝ վերև, ներքև, աջ, ձախ, առաջ, հետ: Ասելով վերամբարձ ոտնահարությամբ՝ հասկանում ենք արհամարհանքը, հպարտությունը, մեծամտությունն Աստծո հանդեպ։ Վայրաքարշ մեղկություն, նշանակում է՝ երկրի վրա քարշ եկող, երկրահակ մեղկություն: Այն տրտմության, ձանձրույթի պատճառով թուլանալու հետևանքով՝ բարիք գործել չկարողանալն է և տարբեր մեղքերի մեջ ընկղմվելը։ 

 

«Այլև մեղանչեցի յոթ մահացու մեղքերով` հպարտությամբ, նախանձով, բարկությամբ, ծուլությամբ, ագահությամբ, որկրամոլությամբ, բղջախոհությամբ և նրանց տարատեսակներով: Մեղանչեցի Աստծո դեմ»:

 

-Յոթ մահացու մեղքերը մնալով մարդու մեջ և ապաշխարությամբ չքավվելով՝ կարող են դառնալ մարդու հավիտենական մահվան պատճառ: Երբ մարդ չի պայքարում այդ մեղքերի դեմ, դրանք մարդուն զրկում են առաքինություններից: Մահացու մեղքերը մեզնից գողանում են առաքինության պտուղները: Այդ մեղքերից յուրաքանչյուրը մյուսի արմատն է և ծնում է այլ մեղքեր: Օրինակ՝ ծուլությունը թույլ չի տալիս մարդուն որևէ լավ քայլ կատարել: Որկրամոլությունը, ծուլությունը արմատն են բղջախոհության: Հպարտությունից ծնվում են ինքնահավանությունը, փառասիրությունը, սնափառությունը: Մարդը պետք է յոթ մահացու մեղքերի դեմ պայքարի ողջ կյանքի ընթացքում, մինչև մահ: 

 

«Այլև մեղանչեցի Աստծո բոլոր պատվիրանների դեմ` հանձնառելի և հրաժարելի, որովհետև ոչ հանձնառելիները կատարեցի, ոչ էլ հրաժարելիներից հեռացա: Օրենքը ստանձնեցի, սակայն նրանում ծուլացա, քրիստոնեական հավատքն ընդունեցի, բայց գործերովս նրան անարժան գտնվեցի, չարն իմանալով` կամովին շեղվեցի և բարի գործերից ինքնակամ հեռացա: Վայ ինձ, վայ ինձ, վայ ինձ: Ո՞րն ասեմ կամ ո՞րը խոսովանեմ. Հանցանքներս անթիվ են, անօրինություններս` անպատմելի, ցավերս` աններելի, և վերքերս` անբժշկելի: Մեղանչեցի Աստծո դեմ»:

 

-Տաս պատվիրաններից առաջին հինգը պատվիրում են հանձն առնել՝ կատարել այս կամ այն բանը և կոչվում են՝ հանձնառելի: Մյուս հինգն արգելում են՝ կատարել այս կամ այն բանը և կոչվում՝ հրաժարելի։ Նշվում է. «Օրենքը ստանձնեցի, սակայն նրանում ծուլացա», «քրիստոնեական հավատքն ընդունեցի, բայց գործերովս նրան անարժան գտնվեցի»: Նշանակում է, որ երբեմն մարդիկ միայն անունով են քրիստոնյա և ոչ գործերով: Նման մարդիկ ընդունում են քրիստոնեությունը, սակայն չեն հետևում պատվիրաններին: Քրիստոնյա լինելը պետք է լինի մեր առօրյան ու մեր վերջակետը, որին պետք է ձգտենք: 

 

Պատրաստեց Անի Ավագյանը

 
  • 2024-11-13
×