Մկրտություն. մաս 1-ին

Մկրտություն. մաս 1-ին

Սուրբ Մկրտությունը Հայ Եկեղեցու յոթ խորհուրդներից է: Այն մարդու հոգևոր կյանքի սկիզբն է՝ Եկեղեցուն անդամագրվելու և քրիստոնյա դառնալու հիմնական պայմանը: Սուրբ Երրորդության անունով ջրի մեջ երիցս ընկղմամբ մկրտվողը մաքրվում է ադամական և մինչև այդ գործած մեղքերից՝ դառնալով քրիստոնյա ու Եկեղեցու անդամ: Չափահաս տարիքում մկրտվելու դեպքում՝ կարևոր է խորհրդին գիտակցաբար ու պատրաստված մոտենալը: 

 

Պայմանականորեն Սուրբ Մկրտության կանոնը բաժանվում է հետևյալ միավորների՝ սկիզբ, սատանայից հրաժարում, հավատքի խոստովանություն, մուտք ատյան, լվացում, դրոշմ, երկրպագություն, Հաղորդություն, խաչի օրհնություն և արձակում: 

 

Սուրբ Մկրտության ծեսը սկսվում է «Հայր մեր»-ով: Տերունական աղոթքից հետո մկրտող հոգևորականն ասում է. «Օրհնում ենք Քեզ՝ Սուրբ Հոգի, ճշմարի՛տ Աստված»: Դիմում ենք Սուրբ Երրորդության երրորդ անձին, որպեսզի խորհուրդը կատարվի աստվածային ներգործությամբ, ինչպես առաքյալների օրոք էր: Խորհրդակատար եկեղեցականը, այնուհետև, ասում է մի քանի տուն սաղմոսից: Շարականի երգեցողությունից, քարոզից և աղոթքից հետո, (չափահաս) մկրտվողի և կնքահոր հետ երեք անգամ ծնրադրում են, (խոնարհվում են)՝ ասելով. «Քեզ հանձնվեցի ես արգանդից, մորս որովայնից սկսած, Դու ես իմ Աստվածը»: 

 

Բոլորը շրջվում են դեպի արևմուտք, ձեռքերը ներքև պահում, իսկ ափերը՝ բաց: Հոգևորականը երեք անգամ ասում է «Հրաժարիմք»-ը.

 

«Հրաժարվում ենք սատանայից և նրա ամբողջ խաբեությունից, նրա պատրանքներից, նրա խորհուրդներից, նրա ճամփաներից, նրա չար կամքից, նրա չար հրեշտակներից, նրա չար գործակիցներից, նրա չար կամքը կատարողներից և նրա ամբողջ չար զորությունից հրաժարվելով հրաժարվում ենք»:

 

Ամեն ասելուց հետո՝ ներկաները միաբերան կրկնում են. «Հրաժարվելով հրաժարվում ենք»: «Հրաժարիմք»-ն ասվում է՝ հայացքով դեպի արևմուտք շրջված, որը խորհրդանշում է խավարը: Այնուհետև, ներկաները շրջվում են դեպի արևելք՝ ձեռնամած: Սա ցույց է տալիս մեր սրտի, հոգու, մտքի և զգայարանների միությունը: Այսինքն՝ մկրտվողն ամբողջապես հավատում է կարդացվածին: Հոգևորականը կամ մկրտվողն ասում են հավատքի համառոտ խոստովանությունը. «Հավատում ենք Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Հավատում ենք Գաբրիելի ավետմանը, Քրիստոսի ծննդին, մկրտությանը, չարչարանքներին, խաչելությանը, երեքօրյա թաղմանը, հարությանը, աստվածապես համբարձվելուն և Հոր աջ կողմը նստելուն, ահեղ և փառավոր երկրորդ գալստյանը. խոստովանում ենք և հավատում»: Դեպի արևելք շրջվելը խորհրդանշում է մեր հոգու դարձը դեպի Քրիստոս՝ կենդանի Լույսը, քանզի հավատում ենք, որ երկրորդ գալստյան ժամանակ Տերը հայտնվելու է հենց արևելքից:

 

Հավատամքից հետո հոգևորականը կարդում է Մատթեոսի Ավետարանից հատված, որտեղ Քրիստոս իր աշակերտներին պատվիրում է բոլոր ազգերին մկրտել Սուրբ Երրորդության անունով: Այնուհետև, մասնակիցները շարժվում են դեպի ատյան երգելով. «Քո ողորմության դուռը բացի՛ր մեր առաջ, Տե՛ր, և արժանի՛ դարձրու լուսեղեն հարկերիդ Քո սրբերի հետ»: Շարականից հետո ասվում է քարոզ և աղոթք, որից հետո երգելով «Արդարության Արեգակ» սկսվածքով շարականը, ներկաները քայլում են դեպի Սուրբ Մկրտության ավազանը, որտեղ պետք է կատարվի բուն խորհուրդը:

 

Մկրտող եկեղեցականը ջուրը խաչանման լցնում է ավազանի մեջ՝ ասելով 28-րդ սաղմոսը. «Ջրերի վրա է Տիրոջ ձայնը. Փառքի Աստվածը որոտաց, Եվ Տերն ինքն է անսպառ ջրերի վրա…»: Սուրբ Մկրտության ջուրն օրհնվում է, որպեսզի այն ազատվի Ադամի անեծքից և դառնա մաքրության նյութ: Ջուրը խաչաձև լցնելը ցույց է տալիս, որ այն այլևս Հին Կտակարանի մաքրագործման ջուրը չէ, այլ Քրիստոսի բերած փրկության հետ հաղորդակցվելու տեսանելի նշանը:

 

Սաղմոսին հաջորդում են ընթերցվածքներ: Պողոս առաքյալի թղթում շեշտվում է Սուրբ Մկրտությամբ Քրիստոսով զգեստավորվելու իրողությունը, իսկ ավետարանական հատվածը վերստին ծննդյան կարևորության մասին է:

 

Քահանան աղոթում է, խնդրում, որ Սուրբ Հոգու իջմամբ ջուրը մաքրվի, դառնա մարմնի և հոգու բժշկություն, որպեսզի Սուրբ Մկրտությամբ այս ջրից վերածնվածները լինեն լույսի և ճշմարտության որդիներ: Հոգևորականը ջուրը երեք անգամ օրհնում է խաչով՝ ասելով. «Թող օրհնվի և մաքրվի այս ջուրը Սուրբ Խաչի այս նշանով, այս Սուրբ Ավետարանով, Սրբալույս այս մյուռոնով և այս օրվա շնորհով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից»:

 

Հոգևորականը սրբալույս մյուռոնը, շարականի երգեցողության ներքո, խաչանման լցնում է ավազանի մեջ: Ինչպես Քրիստոսի մկրտության ժամանակ Սուրբ Հոգին իջավ Տիրոջ վրա, այնպես էլ այդ պահին աներևութապես իջնում է Սուրբ Մկրտության ավազանի մեջ: Կնքահայրն ու մկրտվողը կանգնում են ավազանի մոտ, իսկ քահանան աղոթում. 

 

«Որ կանչեցիր Քո ծառային, Տե՛ր, Մկրտության լուսավորության, աղաչում ենք Քեզ, սրան արժանացրո՛ւ մեծ շնորհներիդ: Մերկացրո՛ւ սրանից մեղքի հնությունը, նորոգի՛ր նոր կյանքով և լցրո՛ւ Սուրբ Հոգուդ զորությամբ՝ Քրիստոսի փառքիդ նորոգության համար: Եվ Քեզ, Հզորիդ և Միածին Որդուդ և ազատիչ Սուրբ Հոգուդ վայել են իշխանությունը և պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»:

 

Կնքահայրը վկայում է մկրտվողի հավատքի մասին, որից հետո հոգևորականը մկրտում է նրան Սուրբ Երրորդության անունով՝ ասելով Մկրտության բանաձևը. 

 

«(տալիս է մկրտվողի անունը) Աստծո այս ծառան, երախայությունից Մկրտության գալով, մկրտվում է Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Քրիստոսի արյամբ մեղքի ծառայությունից գնվելով՝ ընդունում է երկնավոր Հոր որդեգրությունը, դառնում Քրիստոսին ժառանգակից և Սուրբ Հոգու տաճար»:

 

Ջրի մեջ երախային երիցս ընկղմելը խորհրդանշում է Տիրոջ մահը, թաղումը, իսկ ջրից դուրս գալը՝ հարությունը: Ջրի մեջ մտնելով՝ մեռնում ենք Քրիստոսի հետ մեր մեղքերի համար, ընկղմվելով՝ թաղվում Նրա հետ, ջրից դուրս գալով էլ՝ հարություն առնում: 

 

Սովորաբար հոգևորականը երախային նոր անուն է տալիս կամ թողնում է նույնը, եթե տվյալ մարդը քրիստոնեական անուն ունի: Անվանակոչությունը խորհրդանշում է նոր մարդու՝ քրիստոնյայի ծնունդը: Ջրով լվացմանն անմիջապես հաջորդում է Դրոշմի խորհուրդը: 

 

Պատրաստեց Անի Ավագյանը

Օգտագործված գրականություն՝ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան, «Ինչպե՞ս պատրաստվել Սուրբ Մկրտությանը»:

  • 2024-07-17
×