Սուրբ Պատարագ. Գոհաբանություն

Սուրբ Պատարագ. Գոհաբանություն

Սուրբ Պատարագի ժամանակ Քրիստոսի Մարմինն ու Արյունը ճաշակելուց հետո՝ եկեղեցուց հեռանալ պետք չէ. ծիսական արարողությունը դեռ չի ավարտվել: 

 

Գոհություն հայտնելու պահը

 

Հավատացյալները հերթով ճաշակում են Հացը, (տես՝ «Սուրբ Հաղորդություն. երկյուղով և հավատով առա՛ջ եկեք») և վարագույրը փակվում է: Ժամանակն է գոհություն, շնորհակալություն հայտնելու, քանի որ Տերն արժանացրեց մեծ պատվի ու ողորմածության՝ Սուրբ Հաղորդությանը: 

 

Հավատացյալները պետք է իրենց միտքը կենտրոնացնեն իրենց հոգում տեղի ունեցած փոփոխությունների վրա, ջանան իրենց կյանքը դարձնել ավելի լուսավոր:

 

Դպիրները երգում են «Լցաք ի բարութեանց Քոց Տէր…» և «Գոհանամք զՔէն Տէր…» երգերը՝ փառք ու գոհություն մատուցելով Աստծուն, որ վայելում են Սուրբ Պատարագի շնորհն ու օրհնությունը:

 

Վարագույրի ետևում քահանան ճաշակում է Սկիհի մեջ մնացած Մարմինն ու Արյունը, մաքրում է Սկիհն ու աղոթում. «Գոհանամք զՔէն, Հա՛յր ամենակալ»: Պատարագիչը շնորհակալություն է հայտնում, որ Տերը փրկեց մեզ, արժանացրեց այնպիսի ճաշակման, որը պարգևում է կյանք ու փրկություն: Այնուհետև սարկավագը սպասքը տանում է խորհրդանոց: 

 

«Եւ եւս հաւատով ընկալեալք յաստուածային, սուրբ, երկնային, անմահ, անարատ եւ անապական խորհրդոյս, զՏեառնէ գոհացարուք», նշանակում է. «Եվ դարձյալ, հավատով ընդունելով աստվածային, սուրբ, երկնային, անմահ, անարատ և անապական այս խորհուրդը, շնորհակալ լինենք Տիրոջից». սարկավագն այս խոսքերով հրավիրում է ժողովրդին իր գոհաբանությունը հայտնելու: Ժողովուրդն ու դպիրները ձայնակցում են՝ երգելով «Գոհանամք զՔէն Տէր…»-ը: Ընթացքում պատարագիչն ասում է «Գոհանամք զՔէն, Քրիստոս Աստուած մեր…» աղոթքը: Քահանան գոհանում է Քրիստոսից, քանի որ Ինքը մեզ տվեց բարի ճաշակում՝ մեղքերից մաքրվելու համար, աղաչում է, որ Աստված մեզ Իր հաղորդությամբ մաքուր ու անարատ պահի, խնամի, պահպանի: Խնդրում է կարողություն՝ լսելու Տիրոջ ձայնը: Աղոթքի վերջում փառավորվում է Ամենասուրբ Երրորդությունը:

 

Քահանան, ավարտելով աղոթքները, լվանում է ձեռքերը, զգեստավորվում է, սաղավարտը դնում գլխին, հագնում հողաթափերը: Պատրաստվում է հեռանալ Սուրբ Սեղանից: Վերջանում է Սուրբ Պատարագի երրորդ մասը: Գոհաբանությանը հաջորդում է օրհնությունը և արձակումը:

 

 Նախորդիվ՝  «Սուրբ Հաղորդություն. երկյուղով և հավատով առա՛ջ եկեք»

 

Պատրաստեց Անի Ավագյանը

 

  • 2024-06-04
×