Սուրբ Հաղորդություն. երկյուղով և հավատով առա՛ջ եկեք
Սուրբ Հաղորդություն. երկյուղով և հավատով առա՛ջ եկեք
«Հաղորդությունը սիրո խորհուրդն է, քանի որ այս խորհրդով Աստված մոտենում է մարդուն, իսկ մարդը՝ Աստծուն». Սուրբ Գրիգոր Տաթևացի
Սուրբ Պատարագի առանցքը Հաղորդության խորհուրդն է, որի ժամանակ Հիսուս Քրիստոս՝ որպես հաշտության զոհ, խորհրդավոր կերպով պատարագվում է: Նա բաշխում է մեզ Իր Մարմինն ու Արյունը, որով քավություն ու թողություն է տրվում մեր մեղքերին: Արարողության խորհուրդը Վերջին Ընթրիքին հաստատեց Հիսուս Քրիստոս: Օրհնեց հացը, տվեց աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»(Մատթեոս 26:26): Վերցրեց գինով լի բաժակը, գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմե՛ք դրանից ամենքդ, որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ շատերի համար թափվում է մեղքերի թողության համար» (Մատթեոս 26:27-28): Պատվիրեց. «Ա՛յս արեք իմ հիշատակի համար» (Ղուկաս 22:19):
Խորհրդից առաջ…
Հաղորդություն տրվում է բաց Պատարագների ժամանակ և չի բաշխվում Մեծ Պահքի շրջանում, երբ եկեղեցու վարագույրը փակ է:
Հաղորդություն ստանալու համար՝ անձը պետք է մկրտված լինի, խորհրդին մոտենա իր հոգու առողջության, փրկության համար՝ զղջումով, ինքնաքննությամբ, մեղքերը խոստովանած (տես՝ «Հավատացելոց Պատարագ. Թաթախում, Բեկում»): Անձը պետք է հասկանա՝ ինչ է ճաշակելու՝ հաց ու գինի՞, թե՞ Քրիստոսի Մարմինն ու Արյունը, այդ պատճառով խորհրդի ժամանակ հնչում է հավատո խոստովանության դրվագ տես՝ («Մեր Պատարագը. «Երեքսրբեան» փառաբանություն, «Հավատո Հանգանակ»»):
Խորհրդից առաջ չի կարելի ճաշակել կերակուր: Սա չի վերաբերվում հղի կանանց, երեխաներին նաև նրանց, ովքեր դեղորայք են ընդունում: Ծանր հիվանդները կարող են հաղորդվել տանը:
Խորհրդակատարման նյութը ցորենի անթթխմոր հացն է և խաղողի անապական գինին: Հացն ու գինին խորհրդավոր կերպով փոխակերպվում են Քրիստոսի Մարմնի ու Արյան: Մարդիկ, այն ճաշակելով, խորհրդաբար միանում են ոչ միայն Աստծուն, այլև իրար, կազմում Քրիստոսի Մարմինը՝ Եկեղեցին:
Բացվում է վարագույրը. հոգու փրկության պահը
Անթթխմոր հացը պատրաստվում է ապաշխարության սաղմոսներով, սրբագործվում է աղոթքներով ու Սուրբ Հոգու շնորհով դառնում է Քրիստոսի Մարմին ու Արյուն:
Փակ վարագույրի հետևում պատարագիչը ճաշակում է Մարմնից մի մաս՝ ասելով. «Հավատով ճաշակում եմ սուրբ, կենդանարար և փրկագործ Քո Մարմինը՝ Քրիստոս Աստված իմ Հիսուս, որպես մեղքերի թողություն», խմելով Սկիհից ասում է. «Հավատով ըմպում եմ սրբացնող և մաքրող Քո Արյունը՝ Քրիստոս Աստված իմ Հիսուս, որպես մեղքերի թողություն» ավելացնում է. «Քո անապական Մարմինը կյանք լինի ինձ և Քո Սուրբ Արյունը՝ մեղքերիս քավություն և թողություն»:
Բացվում է Խորանի վարագույրը, և սարկավագը հրավիրում է. «Երկյուղով և հավատով առա՛ջ եկեք և սրբությամբ հաղորդվե՛ք»:
Հավատացյալները մոտենում են, պատարագիչը Հացից մի կտոր դնում է նրանց լեզվի վրա՝ ասելով. «Քրիստոսի Մարմինն ու Արյունը թող քեզ կյանք լինի»: Այդ պահին դպիրները երգում են «Որ կազմեցեր» կամ «Այսօր անճառ» շարականը: Ճաշակելուց հետո հավատացյալները դպիրների հետ բացականչում են. «Մեր Տեր Աստվածը և մեր Տերը երևաց մեզ, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը»:
Հոգևորականները խորհուրդ են տալիս հաճախակի հաղորդվել, քանի որ հոգին որքան սնունդ ստանա, այնքան ավելի առողջ կլինի:
Արարողությանը ժողովրդին նաև մաս է բաժանվում, որպեսզի մասկաից լինեն բոլոր հավատացյալները: Ավարտին քահանան Սկիհը ձեռքին օրհնում է ժողովրդին՝ ասելով. «Ապրեցրո՛ւ Տեր Քո ժողովրդին, օրհնիր Քո ժառանգներին, հովվի՛ր և բարձրացրո՛ւ նրանց այսուհետև մինչև հավիտյան»: Պատարագիչը վերադառնում է դեպի Սուրբ Սեղանը, վարագույրը փակվում է: Մասը ճաշակելուց հետո՝ պետք չէ հեռանալ եկեղեցուց, ծիսական արարողությունը դեռ չի ավարտվել: