«Պատարագի ժամանակ երկինքը բացվում է, և հրեշտակներն իջնում են». Եկեղեցու գլխավոր ծիսական արարողությունն այսպես է մեկնաբանել Հովհան Ոսկեբերան հայրապետը: Եկեղեցին Աստծո թագավորությունն է: Խորանը խորհրդանշում է Երկնքի Արքայությունը, պատարագիչ քահանան` Քրիստոսի ներկայությունը` Սուրբ խորանին: Հոգևորականը ժողովրդի բարեխոսն է Աստծո առաջ:
Ճաշու պաշտոն կամ Երախայից (չմկրտվածների) Պատարագ
Սուրբ Պատարագի երկրորդ մասը՝ Ճաշու պաշտոնը կամ Երախայից (չմկրտվածների) Պատարագը սկսվում է Աստծո Թագավորության հռչակմամբ։ Ճաշու պաշտոնը խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի գործունեությունը:
Պատարագի մասնակիցները խնդրում են, որ Քրիստոս ապրեցնի Իր զորությամբ: Ապրել Քրիստոսի զորությամբ նշանակում է ապրել խաղաղության մեջ: Քահանան բոլորի համար խնդրում է Տիրոջ գութն ու ողորմությունը: Հոգևորականը ծածուկ աղերսում է Քրիստոսին՝ պահպանելու իրեն վստահված հոտն ու ժառանգությունը։
Այնուհետև քահանան տալիս է իր օրհնությունը և օրհնությամբ տալիս խաղաղություն՝ ասելով. «Խաղաղութիւն ամենեցուն», ինչպես Քրիստոս Իր աշակերտներին ասաց. «Խաղաղություն եմ թողնում ձեզ»:
Ամեն անգամ, երբ քահանան խաչակնքելով օրհնում է, հավատացյալները խոնարհվում ու խաչակնքվում են՝ որպես նշան տվյալ շնորհն ընդունելու:
«Երեքսրբեան» փառաբանություն
Դպիրները երգում են ճաշու շարականը: Պատարագիչ քահանան, երկրպագելով Սուրբ Սեղանի առջև, իր ձեռքն է վերցնում Սուրբ Ավետարանն ու աղոթում։ Համբուրելով Սուրբ Ավետարանը` այն տալիս է սարկավագին: Վերջինս հրավիրում է ժողովրդի ուշադրությունը՝ ասելով՝ «պռօսխումէ», ինչը նշանակում է՝ ուղիղ վեր նայեք, ուշադրություն: Սարկավագը վեր է բարձրացնում Ավետարանն ու պտտվում Սուրբ Սեղանի շուրջ և դասի մեջ գտվող ընթերցողին այն համբուրել է տալիս: Պատարագիչն օրհնում է համբուրողին, իսկ ավետարանակիրն Ավետարանը Սուրբ Սեղան է վերադարձնում: Ինչպես Մովսեսը, Սինա լեռան վրա Աստծո պատգամները վերցնելով, բերեց ժողովրդին: Սարկավագը, վերցնելով Ավետարանը քահանայի ձեռքից, բերում է ժողովրդին՝ կարդալու Աստվածային պատգամները: Ընթացքում դպիրները երգում են «Երեքսրբեան»-ը՝ ասելով. «Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ»:
«Երեքսրբեան»-ը Սուրբ Երրորդության երկրորդ Անձին ուղղված փառաբանություն է: Ավետարանը վեր է բարձրացվում՝ նվիրագործելու փառաբանությունը:
«Երեքսրբեան»-ից հետո սկսում է «համաշխարհական քարոզ»-ը։ Սարկավագի առաջնորդությամբ ժողովուրդը աղոթում է ամբողջ աշխարհի խաղաղության, Սուրբ Եկեղեցու հաստատության, ուղղափառ եպիսկոպոսների, հայրապետի, վարդապետների, քահանաների ու ննջեցյալների համար:
Ճաշու ընթերցվածքներ
«Համաշխարհական քարոզ»-ից հետո, երբ քահանան աղոթում է «Որովհետև ողորմած ու մարդասեր Աստված ես…» աղոթքը, դպիրներից մեկը Ճաշոց Գրքից ընթերցում է հատվածներ մարգարեներից ու առաքելական թղթերից: Նախ ընթերցվում է մարգարեկան գրքից, ապա՝ առաքելական թղթերից, քանի որ ինչ մարգարեները կանխագուշակեցին, առաքյալները եղան դրանց Ականատեսները, Քրիստոսի կյանքի ու խոսքի կենդանի վկաները: Ժողովուրդը նստած լսում է: Մարգարեական ու առաքելական ընթերցումների ավարտին` նախքան Ավետարանի ընթերցումը, սարկավագն ասում է` «Ալէլուիա, օրթի», ինչը նշանակում է` ոտքի կանգնել։ Սարկավագը զգուշացնում է պատրաստակամ լինել աստվածային խոսքերը լսելու` ասելով` «Պռօսխումէ»: Դպիրները պատասխանում են՝ «Ասէ Աստուած», այսինքն՝ պատրաստ ենք լսելու: Աստվածաշնչից ընթերցումները ժողովրդին խրատելու համար են:
«Հավատո հանգանակ»
Սուրբ Ավետարանը կարդալուց և «Փառք Քեզ, Տէր Աստուած մեր»-ից անմիջապես հետո արտասանվում է «Հավատո հանգանակ»-ը` որպես սրբազան ուխտ, երդում, որով հայտնում ենք մեր քրիստոնեական ուղիղ ու ճշմարիտ հավատքի ուղղափառ դավանությունը: «Հանգանակ» բառը՝ կից «հավատին», նշանակում է, որ այն հավաքական դավանություն է: Կոչվում է նաև «Հավատամք»՝ այսինքն՝ «հավատում ենք» և «Նիկիական հանգանակ», քանի որ կազմվել է Նիկիայի (325թ.) տիեզերական ժողովի ընթացքում։ «Հավատամք»-ը քրիստոնեական հավատքի, նրա ողջ դավանության հակիրճ շարադրանքն է: Հայ եկեղեցին այն պահպանել է նույնությամբ՝ վերջավորությանը միայն ավելացնելով Սուրբ Գրիգոր Լուսավորչին վերագրվող «Իսկ մեք փառաւորեսցուք…» հատվածը, որ կարդում է քահանան:
Ժողովուրդը խոստովանում է ուղիղ հավատքի դավանանքը, որից հետո կարող է արժանի լինել` աստվածային խորհրդին մոտենալու: