Պատարագ. խոստովանություն, Առաջադրություն, Աշխարհգալոց

Պատարագ. խոստովանություն, Առաջադրություն, Աշխարհգալոց

Սուրբ Պատարագը սիրո խորհուրդ է. Տերը սրբագործված հացն ու գինին, Սուրբ Հոգու ներգործությամբ, վերածում է Իր Որդու Մարմնի ու Արյան ու բաշխում է ճաշակողներին, նրանց միավորում Իր հետ:
 

Պատարագի միջոցով փորձում ենք ձգտել դեպի կատարյալ ու հավիտենական կյանք: Մասնակից հավատացյալներս պետք է պատրաստ լինենք, ջանանք՝ ընդունելու Մարմինն ու Արյունը, թույլ տալու, որ այն ներսից ներգործի մեր մեջ: 
 

Սկսվում է Պատարագը. մեղքերից ազատում, հրապարակային խոստովանություն
 

Քահանայի, սարկավագների, դպիրների հոգևոր ու մարմնավոր պատրաստությամբ, զգեստավորվելով, աղոթքներով, սաղմոսներով, քարոզներով, երգերով, ընծաների պատրաստությամբ սկսվում է Պատարագը: Այն մատուցում է քահանայական ձեռնադրություն ու օծում ունեցող հոգևորականը։ Նա խորհրդանշում է Քրիստոսին: Նրան սպասավորում են սարկավագներ, դպիրներ։ Երգչախումբը և դպիրները ներկայացնում են ժողովրդին։ Քահանայի ու ժողովրդի միջնորդը սարկավագն է՝ հոգևորականի օգնականն ու սպասավորը: 
 

Զգեստավորումից հետո քահանան ու սպասավորները «Խորհուրդ խորին» շարականի երգեցողությամբ դուրս են գալիս ավանդատնից ու թափորով ուղղվում դեպի դասը՝ կանգնելով Սուրբ Սեղանի առջև: Եթե պատարագիչը եպիսկոպոս է, երգում են «Հրաշափառ»-ը:  
 

Քահանան, քանի որ նույնպես ենթակա է մեղքերի, նախ լվանում է ձեռքերը: Կարգն ունի մեղքերից մաքրվելու խորհուրդ: Հոգևորականը ծածուկ աղոթում է. «Սրբությամբ կլվանամ ձեռքերն իմ և սեղանիդ շուրջ կնստեմ, Տեր…»: 
 

Պատարագիչը, նախքան իր պաշտոնի ստանձնումը, Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ խնդրում է Աստծուն՝ լսել իր աղաչանքները, ժողովրդի առջև խոստովանում է իր մեղքերը։ Հավատացյալներին խնդրում է աղոթել, որ Տերը ների իրեն ու արժանացնի Աստծո ներկայության, որպեսզի կարողանա ժողովրդին առաջնորդել ժամապաշտության: Ի պատասխան, մեկ այլ քահանա մոտենում է ու խնդրում Աստծո ողորմությունը՝ թողություն շնորհելու նրա մեղքերին: Թողություն ստանալով՝ պատարագիչն օրհնում է ժողովրդին ու ներկաների համար նույնպես մեղքերի թողություն հայցում։ 
 

Այս օրինակով հավատացյալները մինչև հաղորդվելը պետք է մաքրվեն՝ խոստովանելով մեղքերը:
 

Նախամուտ
 

Պատարագիչն ու բուրվառակիր սարկավագը, սաղմոսների արտասանությամբ, թափորով բարձրանում են Սուրբ Խորան: Քահանայի դեպի Խորան բարձրանալը նշանակում է ներկայանալ Աստծուն: Մուտքը խորհրդանշում է դրախտից արտաքսված լինելն ու Տիրոշ շնորհին արժանանալը: Պատարագչի փառաբանական աղոթքից հետո Խորանի վարագույրը փակվում է: Երգչախումբը սկսում է երգել օրվա խորհրդին համապատասխան մեղեդի կամ տաղ:
 

Առաջադրություն
 

Քահանան կարդում է Գրիգոր Նարեկացու՝ Սուրբ Հոգուն ուղղված աղոթքը, հայցում է Սուրբ Հոգու գործակցությունն ու օգնությունը՝ Խորհուրդը կատարելու:
 

Վարագույրի ետևում կատարվում է Առաջադրության կարգը: Սարկավագը Քրիստոսի խաչելության պատկերով Նշխարը տալիս է պատարագչին, նա էլ աղոթելով այն դնում է հարթ պնակի՝ մաղզմայի վրա՝ ասելով. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հիշատակի համար»: Գինին խաչաձև լցնելով սրբազան բաժակի՝ սկիհի մեջ՝ ասում է. «Մեր Տեր Աստծո և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի փրկագործ տնօրինության հիշատակի համար»: 
 

Հաղորդության պատրաստության ընթացքում դպիրներն ու ժողովուրդը իրենց երգով խնդրում են Աստծուն՝ օգնել քահանային: Հոգևորականը, նշխարհն ու գինին օրհնելուց հետո, խնդրում է Տիրոջը՝ հիշել Սուրբ Պատարագ մատուցողներին ու նրանց, որոնց համար մատուցվում է այն: Աղոթքի ավարտին պատարագիչը մաղզման դնում է սկիհի վրա, «Տեր թագաւորեաց վայելչութիւն զգեցաւ» սաղմոսով ծածկում այն քողով ու երեք անգամ խաչակնքելով՝ ասում. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ»: Խոսքն ասել է Գաբրիել հրեշտակապետը՝ Սուրբ Կույս Մարիամին ավետելիս:
 

Վարագույրի հետևում կատարվում է Հիսուսի մարդեղության խորհուրդը: Տրվում է ավետիսը, որ Քրիստոս պետք է հղանա Սուրբ Հոգուց ու պետք է իջնի աշխարհ՝ մարդկային մեղքն իր վրա վերցնելու: 
 

Աշխարհգալոց
 

Քահանան բուրվառով խնկարկում է ընծան ու գալիս Սուրբ Սեղանի առաջ: Սկսվում է «Աշխարհագալոց»-ը: Վարագույրը բացվում է, քահանան, դպիրների, սարկավագների հետ ցած է իջնում հավատացյալների մոտ՝ խնկարկելով ողջ եկեղեցին, ինչպես Քրիստոս անցավ բոլորի միջով: Մարդիկ համբուրում են հոգևորականի ձեռքի խաչն ու խնդրում աղոթել իրենց համար՝ ասելով. «Հիշիր ինձ Աստծո Անմահ Գառի առջև»: Քահանան վերադառնում է Սուրբ Խորան, ինչպես Քրիստոս վերադարձավ Հոր մոտ: 
 

Սուրբ Պատարագի սկզբում խնկարկությունը նաև նվիրատվություն է: Քրիստոսին խորհրդանշող պատարագիչը իջնում է մարդկանց մեջ, սարկավագը խնկարկում է նրա ճանապարհը, իսկ ժողովուրդը, որպես իր աղոթքի խորհրդանիշ, խունկ է նվիրում: Մոգերը նույնպես մանուկ Քրիստոսին խունկ էին ընծայել՝ որպես Աստվածության, մարդու ու Աստծո հաշտության խորհուրդ, որ Նրանից բուրած անուշահոտությամբ լուծարվի մահվան հոտը, որ բուրեց Ադամից:
 

Պատարագի առաջին մասը՝ Պատրաստությունը, ավարտվում է խնկարկության արարողությամբ:


Սկիզբը՝  Պատարագը` Հայ Եկեղեցում. նախապատրաստություն

 

Շարունակությունը՝ Մեր Պատարագը. «Երեքսրբեան» փառաբանություն, «Հավատո հանգանակ»:

 
  • 2024-04-17
×