Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցին սկսեց կառուցվել 1994թ. երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի և Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ: Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցու կառուցումը հովանավորեցին ամերիկաբնակ Հրաչ և Վիկտորյա Ոսկանյանները: Եկեղեցին օծվեց 1998թ. ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին արքեպս. Ներսիսյանի ձեռամբ: Եկեղեցու շուրջ աստիճանաբար համայնք ձևավորվեց` կազմված ծնողներից այն զոհված ազատամարտիկների, ում շիրիմներն ամփոփված են Եռաբլուր Պանթեոնում, հարակից տարածքի բնակչությունից, ծառայող զինվորներից: Ամենայն Հայոց կաթողիկոսի կարգադրությամբ եկեղեցում յուրաքանչյուր կիրակի, տաղավար տոներին, Մեռելոց օրերին, Ս. Վարդանանց և Ս. Սարգիս Զորավարի տոներին Սուրբ Պատարագ է մատուցվում: