Ավանի Սուրբ Աստվածածին մատուռը մտահղացել և 1996-2002թթ. կառուցել են Ավանի Նարեկացի թաղամասի 1ա շենքի բնակիչներ, արդարադատության խորհրդական Գրիշա Համբարձումի Մելիք-Սարգսյանը և գործարար Արմեն Նապոլեոնի Աղաջանյանը: Մինչ այդ Գրիշա Մելիք-Սարգսյանը կառուցել էր հայկական եկեղեցիների 10 քարակերտ մանրակերտ, իսկ Արմեն Աղաջանյանը՝ մեկը: Այնուհետև նրանք միասին շենքին հարակից տարածքում որոշեցին կառուցել գործող եկեղեցի: Ի դեպ, այդ նույն տարածքում, շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել էր հնամյա տաճարի սյան հիմնաքար: Եկեղեցու մանրակերտը տեսիլքով Գրիշա Մելիք-Սարգսյանը տեսել էր և պատրաստել: Հետագայում եկեղեցին նախագծվել և կառուցվել է ըստ այդ մանրակերտի: Եկեղեցին ունի 11 մետր բարձրություն, 30քմ տարածք և զանգակատուն: Գրիշա Մելիք-Սարգսյանի նախապապը՝ Մելիք Սարգիսը, 17-րդ դարում Սուրբ Աստվածածնի նման մի մեծ եկեղեցի էր կառուցել Արցախում, իսկ նրա թոռը՝ Մելիք Ավետիսը, նորոգել էր գմբեթը: Այդ մասին մատնանշված է Արքեպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախի պատմություն» երկհատոր գրքում: Երևանի քաղաքային խորհրդի որոշմամբ եկեղեցու շինարարության համար անժամկետ հատկացվել է 600քմ տարածք: Շինարարական աշխատանքներն սկսվել են 1996թ. և տևել շուրջ յոթ տարի: Գրիշա Մելիք-Սարգսյանը և Արմեն Աղաջանյանը ներդրել են իրենց բոլոր միջոցները և հնարավորությունները: 2000թ. Արմեն Աղաջանյանը մեկնել է Ամերիկա, իսկ շինարարական աշխատանքներն ավարտին հասցրել Գրիշա Մելիք-Սարգսյանը, որը միաժամանակ հարդարել ու կահավորել է եկեղեցու ներսը և բարեկարգել շրջակայքը: Գրիշա Մելիք-Սարգսյանը եկեղեցուն կից կառուցել է նաև երիցատունը, ծխական խորհրդի ատենապետի նստավայրը և հոգևոր կենտրոնը, ջրագիծն ու կոյուղին, էլեկտրասնուցման համակարգը: Բակում տեղադրվել է ցայտաղբյուր, խաչքար, կահավորվել երիցատունը և ծխական խորհրդի ատենապետի նստավայրը: Եկեղեցու շինարարությանն իրենց օրհնությունն ու նյութական աջակցությունն են բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը: Եկեղեցու օծման արարողությունը կատարվել է 2002թ. նոյեմբերի 9-ին՝ Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի մասնակցությամբ: Ներկայումս Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին գործում է: