Oրվա ընթերցվածք
Երգ երգոց 2.8-16
8 Իմ եղբորորդու ձայնն է.
ահա նա գալիս է,
վազում լեռների վրայով՝ ոստոստելով բլուրների վրա։
9 Եղբորորդիս նման է այծյամի կամ եղնիկների հորթերի՝
Բեթելի լեռների վրա։
Հարսն օրիորդներին նշան է անում փեսայից
Կանգնած է նա ահա մեր տան դրսում,
ձգվել է դեպի պատուհանները,
նայում է նա վանդակապատի միջով։
10 Իմ եղբորորդին պատասխանում է ինձ և ասում.
«Վե՛ր կաց, ե՛կ, մերձավո՛ր իմ, գեղեցի՛կ իմ, աղավնի՛ իմ։
11 Քանզի ահա անցավ ձմեռը,
Անձրևներն անցան, գնացին-հեռացան։
12 Ծաղիկներ երևացին մեր երկրում,
էտելու ժամանակը հասավ,
տատրակի ձայնը լսվեց մեր երկրում։
13 Իր բողբոջն ընձյուղեց թզենին,
ծաղկած որթերն իրենց հոտը բուրեցին։
Վե՛ր կաց, ե՛կ, մերձավո՛ր իմ, գեղեցի՛կ իմ, աղավնի՛ իմ։
14 Ե՛կ դու, աղավնյա՛կ իմ,
վեմի հովանու տակ՝ պարսպի պատվարի մոտ։
Ցո՛ւյց տուր ինձ երեսը քո,
լսելի՛ արա ինձ ձայնը քո, քանզի քաղցր է ձայնը քո,
և գեղեցիկ՝ դեմքը քո»։
Փեսան այսպես է ասում օրիորդներին.
15 Բռնե՛ք մեզ համար փոքրիկ աղվեսներին՝
այգիների ապականիչներին,
և մեր որթերը կծաղկեն։
Հարսն այսպես է ասում.
16 Իմ եղբորորդին իմն է, և ես՝ նրանը.
նա, որ հովվում է շուշանների մեջ։
Մինչ լույսն սկսի բացվել, և ստվերները ցրվեն.
Երգ երգոց 5.1
Հարսն աղաչում է, որ իր Փեսան ցած իջնի
1 Թող իմ եղբորորդի՛ն իջնի իր պարտեզը
և իր ծառերի պտուղներն ուտի։
Փեսան ասում է հարսին.
Մտա իմ պարտեզը, քո՛ւյր իմ հարս,
հավաքեցի զմուռսն իմ՝ խնկերով հանդերձ,
կերա հացն իմ մեղրով,
խմեցի գինին իմ կաթով։
Կերե՛ք, մերձավորնե՛ր իմ,
խմե՛ք և հարբե՛ք, եղբորորդինե՛ր իմ։
Երգ երգոց 6.8-11
8 Իմ աղավնին միակն է, իմ կատարյալը,
իր մոր միամորիկը, ընտրյալն իր ծնողի։
Տեսան նրան դուստրերն ու երանի տվեցին,
գովեցին նրան հարճերն ու թագուհիները։
Դուստրերը և թագուհիները տեսան հարսին և երանի տվեցին նրան.
9 Ո՞վ է սա, որ երևում է ինչպես առավոտ,
գեղեցիկ է, ինչպես լուսինը,
ընտիր, ինչպես արեգակը՝
զարմանալի հորինված։
Փեսան ասում է հարսին.
10 Իջա ընկուզենիների պարտեզ՝
նայելու ճյուղերի արդյունքին,
տեսնելու, թե ծաղկե՞լ է որթը,
ծաղկե՞լ է նոճին,
ծաղկե՞լ են նռնենիները։
Հարսն ասում է փեսային.
11 Այնտեղ կտամ քեզ իմ ստինքները,
իմ հոգին ոչինչ չիմացավ,
ինձ Ամինադաբի կառքերին նմանեցրեց։
Դուստրերը և թագուհիներն ասում են հարսին.
Եսայի մարգարեություն 62.11-12
11 Ահա թե ինչ ազդարարեց Տերը մինչև երկրի ծագերը.
«Ասացե՛ք Սիոնի դստերը.
ահավասիկ գալիս է քո Փրկիչը,
և իր վարձն իր հետ է,
գործը՝ իր աչքի առաջ»։
12 Տիրոջ ձեռքով փրկված Սուրբ ժողովուրդ է կոչելու նրան,
իսկ դու կոչվելու ես Փնտրված քաղաք և ոչ թե Լքված»։
Պողոս առաքեալի թուղթը եփեսացիներին 1.3-10
Հոգևոր օրհնություն Քրիստոսով
3 Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ երկնքում ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ, 4 ինչպես որ աշխարհի ստեղծումից առաջ ընտրեց մեզ նրա միջոցով, որպեսզի մենք սուրբ ու անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ։ 5 Նախասահմանեց մեզ որդեգրության Հիսուս Քրիստոսի միջոցով, ըստ իր կամքի բարեհաճության, 6 որպեսզի գովերգենք նրա շնորհի փառքը, որն առատորեն պարգևեց մեզ իր Սիրելիի միջոցով։ 7 Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության, 8 որ մեր մեջ առատացրեց ամեն տեսակ իմաստությամբ ու հասկացողությամբ։ 9 Մեզ ճանաչել տվեց իր կամքի խորհուրդը՝ ըստ իր բարեհաճության, որը նախապես պատրաստել էր նրանով, 10 որպեսզի ժամանակների լրումին իրագործի այն, այսինքն՝ Քրիստոսով բովանդակի ամեն ինչ, որ երկնքում է և որ երկրի վրա է։
Ավետարան ըստ Մարկոսի 10.46-11.1
Երիքովցի կույրի բժշկումը
(Մտթ. 20.29-34, Ղուկ. 18.35-43)
46 Եկան Երիքով։ Մինչ Հիսուսն իր աշակերտների և մեծ բազմության հետ դուրս էր գալիս Երիքովից, Տիմեի որդին՝ Բարտիմեոսը, որ կույր էր, ճանապարհի եզրին նստած՝ մուրում էր։ 47 Երբ լսեց, որ անցնողը Հիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել և ասել. «Դավթի՛ Որդի, Հիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»։ 48 Շատերը նրան սաստում էին, որ լռի, իսկ նա ավելի բարձր էր աղաղակում. «Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։ 49 Հիսուսը կանգնեց և հրամայեց, որ նրան կանչեն։ Կույրին կանչեցին և ասացին նրան. «Քաջալերվի՛ր, վե՛ր կաց, կանչում է քեզ»։ 50 Նա, դեն նետելով իր վերնազգեստը, ոտքի կանգնեց, եկավ Հիսուսի մոտ։ 51 Հիսուսը խոսքն ուղղեց նրան և ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար»։ Կույրը պատասխանեց նրան. «Ռաբբունի՛, որ աչքերս բացվեն»։ 52 Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո հավատը փրկեց քեզ»։ Նրա աչքերն իսկույն բացվեցին, և ճանապարհին նա գնում էր Հիսուսի հետևից։
Հիսուսի մուտքը Երուսաղեմ
(Մտթ. 21.1-11, Ղուկ. 19.28-40, Հովհ. 12.12-19)
1 Երբ մոտեցան Երուսաղեմին, Բեթփագեին և Բեթանիային՝ Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց 2 և նրանց ասաց. «Դուք գնացե՛ք այդ գյուղը, որ ձեր դիմացն է։ Հենց այնտեղ մտնեք, կգտնեք մի կապված ավանակ, որի վրա որևէ մարդ արարած չի նստել. արձակե՛ք այն և բերե՛ք։ 3 Եվ եթե որևէ մեկը ձեզ հարցնի՝ “Ինչո՞ւ եք արձակում այդ ավանակը”, ասե՛ք. “Տիրոջը պետք է”, և նա իսկույն այստեղ կուղարկի այն»։ 4 Երկու աշակերտները գնացին և գտան ավանակը՝ կապված մի դռան մոտ՝ դրսում, փողոցի մեջ, և այն արձակեցին։ 5 Այնտեղ կանգնածներից ոմանք ասացին նրանց. «Այդ ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք արձակում ավանակը»։ 6 Աշակերտները նրանց պատասխանեցին այնպես, ինչպես Հիսուսն էր ասել։ Եվ նրանց թույլ տվեցին։ 7 Ավանակը բերեցին Հիսուսի մոտ, դրա վրա գցեցին իրենց հագուստները, և Հիսուսը նստեց ավանակի վրա։ 8 Շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհի վրա, իսկ ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում և փռում ճանապարհին։ 9 Եվ նրանք, որ Հիսուսի առաջից կամ հետևից էին գնում, աղաղակում էին և ասում.
«Օվսաննա՜ Բարձրյալին,
օրհնյա՜լ լինես դու,
որ գալիս ես Տիրոջ անունով (Սաղ. 117(118).26).
10 օրհնյա՜լ լինի մեր հոր՝
Դավթի թագավորությունը, որ գալիս է։
Խաղաղությո՜ւն երկնքում և
փա՜ռք Բարձրյալին (հմմտ. եբր. Սաղ. 118.25)»։
11 Հիսուսը մտավ Երուսաղեմ, տաճար և իր շուրջն ամեն ինչ աչքի անցկացրեց։ Եվ քանի որ երեկո էր, տասներկուսի հետ գնաց Բեթանիա։
Ավետարան ըստ Հովհաննեսի 11.1-46
Ղազարոսի հարությունը
1 Ղազարոս անունով մի հիվանդ կար Բեթանիայից՝ Մարիամի և նրա քույր Մարթայի գյուղից։ 2 Սա այն Մարիամն էր, որ յուղով օծեց Տիրոջը և իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Սրա եղբայր Ղազարոսը հիվանդ էր։ 3 Նրա քույրերը Հիսուսի մոտ մարդ ուղարկեցին ու ասացին. «Տե՛ր, ահավասիկ նա, ում սիրում էիր, հիվանդացել է»։ 4 Երբ Հիսուսը լսեց, ասաց. «Այդ հիվանդությունը մահացու չէ, այլ Աստծու փառքի համար է, որպեսզի դրանով Աստծու Որդին փառավորվի»։ 5 Հիսուսը սիրում էր Մարթային, նրա քրոջը և Ղազարոսին։ 6 Լսելով, որ Ղազարոսը հիվանդացել է, նա տակավին երկու օր էլ մնաց այնտեղ, որտեղ գտնվում էր։ 7 Ապա ասաց իր աշակերտներին. «Եկե՛ք նորից գնանք Հրեաստան»։ 8 Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ քիչ ժամանակ առաջ ուզում էին քարկոծել քեզ, իսկ դու նորից այնտե՞ղ ես գնում»։ 9 Հիսուսը պատասխանեց. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լույսն է տեսնում, 10 իսկ եթե մեկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետև իր հետ լույս չունի»։ 11 Այս ամենն ասելուց հետո ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ նրան արթնացնելու»։ 12 Աշակերտները նրան ասացին. «Տե՛ր, եթե ննջել է, ուրեմն կառողջանա»։ 13 Բայց Հիսուսը նրա մահվան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպես թվաց, թե նա քնով ննջելու մասին է խոսում։ 14 Այն ժամանակ Հիսուսը նրանց հայտնապես ասաց. «Ղազարոսը մեռավ. 15 բայց ես ուրախ եմ ձեզ համար, որովհետև դուք ինձ կհավատաք, քանզի ես այնտեղ չէի։ Հիմա եկե՛ք գնանք նրա մոտ»։ 16 Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, աշակերտակիցներին ասաց. «Եկե՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»։ 17 Հիսուսը եկավ, նրան գտավ չորս օրից ի վեր գերեզմանի մեջ դրված։ 18 Եվ Բեթանիան Երուսաղեմի մոտ էր շուրջ երեք կիլոմետր։ 19 Հրեաներից շատերը եկել էին Մարթայի և Մարիամի մոտ, որպեսզի նրանց մխիթարեին իրենց եղբոր մահվան համար։ 20 Երբ Մարթան լսեց, որ Հիսուսը գալիս է, նրան ընդառաջ գնաց, իսկ Մարիամը տանը նստած էր։ 21 Մարթան Հիսուսին ասաց. «Տե՛ր, եթե դու այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի. 22 բայց հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ Աստծուց խնդրես, Աստված քեզ կտա»։ 23 Հիսուսը նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»։ 24 Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ հարության ժամանակ՝ վերջին օրը, հարություն կառնի»։
Հիսուսը՝ կյանք և հարություն
25 Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունն ու կյանքը. ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի. 26 և ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Հավատո՞ւմ ես այս ամենին»։ 27 Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, հավատում եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»։ 28 Եվ այս ասելուց հետո գնաց լռելյայն կանչեց իր քրոջը՝ Մարիամին, ու ասաց. «Վարդապետն է եկել և քեզ է կանչում»։ 29 Երբ նա լսեց, իսկույն վեր կացավ ու եկավ Հիսուսի մոտ։ 30 Հիսուսը դեռ գյուղ էլ չէր հասել, այլ դեռևս այն տեղում էր, որտեղ Մարթան ընդառաջ էր ելել նրան։ 31 Իսկ այն հրեաները, որ Մարիամի հետ տանն էին ու նրան մխիթարում էին, երբ տեսան, որ նա իսկույն վեր կացավ ու գնաց, իրենք ևս նրա հետևից գնացին. կարծում էին, թե գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի։ 32 Իսկ Մարիամը, երբ եկավ Հիսուսի կանգնած տեղն ու տեսավ նրան, ընկավ նրա ոտքերն ու ասաց. «Տե՛ր, եթե այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»։ 33 Երբ Հիսուսը տեսավ, որ նա ու նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, հոգով խռովվեց, հուզվեց 34 և ասաց. «Որտե՞ղ դրեցիք նրան»։ Նրան ասացին. «Տե՛ր, արի՛ ու տե՛ս»։
Եվ Հիսուսն արտասվեց
35 Եվ Հիսուսն արտասվեց։ 36 Հրեաներն ասացին. «Տեսե՛ք՝ ինչքան էր սիրում նրան»։ 37 Նրանցից ոմանք էլ ասում էին. «Սա, որ կույրի աչքերը բացեց, չէ՞ր կարող արդյոք այնպես անել, որ Ղազարոսն էլ չմեռներ»։ 38 Հիսուսը, դարձյալ խռովվելով ինքն իր մեջ, եկավ գերեզմանի մոտ. մի քարայր էր՝ վրան մի քար դրված։ 39 Եվ Հիսուսն ասաց. «Այդ քարը մի կողմ դրեք»։ Մարթան՝ մեռածի քույրը, նրան ասաց. «Տե՛ր, հիմա արդեն նեխած կլինի, քանի որ չորս օրվա է»։ 40 Հիսուսը նրան ասաց. «Քեզ չասացի՞, որ եթե հավատաս, Աստծու փառքը կտեսնես»։ 41 Երբ քարը վերցրին, Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհությո՜ւն քեզ, որ ինձ լսեցիր. 42 ես գիտեի, որ ամեն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դու ուղարկեցիր ինձ»։ 43 Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»։ 44 Եվ մեռելը ելավ՝ կապված ոտքերով, ձեռքերը երիզներով պինդ ամրացված և երեսը վարշամակով պատած։ Եվ Հիսուսը նրանց ասաց. «Արձակե՛ք դրան և թողե՛ք, որ գնա»։ 45 Իսկ հրեաներից շատերը, որոնք Մարիամենց մոտ էին եկել, երբ տեսան, ինչ արեց Հիսուսը, հավատացին նրան։ 46 Նրանցից ոմանք էլ գնացին փարիսեցիների մոտ ու պատմեցին նրանց, ինչ արեց Հիսուսը։
Երգ երգոց 1.1-2.3
Կամ օրհնությունների օրհնություն ասված Իսրայելի արքա Սողոմոնի կողմից
Հարսն ասում է.
1 Թող համբուրի ինձ իր բերանի համբույրներով,
քանզի քո ստինքները լավ են գինուց,
և հոտը յուղերի քո՝ բոլոր խունկերից։
2 Քո անունը հեղված յուղ է անուշ,
դրա համար օրիորդները սիրեցին քեզ
և դեպի իրենց ձգեցին քեզ։
3 Քո յուղերի հոտի հետևից կընթանանք և մենք։
Հարսը պատմում է օրիորդներին փեսայի մասին, թե ի՛նչ է շնորհել իրեն.
Արքան տարավ ինձ Իր սենյակը։
Հարսը պատմում է օրիորդներին, և նրանք ասում են.
Ցնծանք և ուրախ լինենք քեզանով
և սիրենք քո ստինքները գինուց ավելի։
Օրիորդները հարսին ասում են փեսայի անունը.
Ուղղությունը սիրեց քեզ։
Հարսն ասում է.
4 Սև եմ ես և գեղեցիկ, դուստրե՛ր Երուսաղեմի,
Կեդարի վրանների և Սողոմոնի խորանի պես։
5 Մի՛ նայեք ինձ, որ սևացել-թխացել եմ,
արեգակն է ինձ թխացրել։
Իմ մոր որդիներն ինձ հետ դաժան վարվեցին
և ինձ այգեստանի պահապան դրեցին,
Սակայն իմ այգին չկարողացա պահել։
Հարսն ասում է փեսային.
6 Պատմի՛ր ինձ, իմ հոգո՛ւ սիրելի,
որտե՞ղ ես հովվում քո հոտը,
որտե՞ղ ես հանգչում միջօրեին.
միգուցե մոլորվեմ քո ընկերների երամակների մեջ։
Փեսան ասում է հարսին.
7 Եթե դու ինքդ չգիտես, գեղեցի՛կդ կանանց մեջ,
հետևի՛ր դու հոտերի ոտնահետքերին
և արածեցրո՛ւ քո ուլերին հովիվների վրանների մոտ։
8 Մերձավո՛ր իմ, քեզ նմանեցրի փարավոնի կառքերին լծված իմ երիվարներին։
Օրիորդներն ասում են.
9 Քանզի գեղեցկացան քո ծնոտները տատրակի նման
և քո պարանոցը՝ մանյակների պես։
10 Ոսկե զարդի պես դարձնենք քեզ՝
արծաթե կիտվածքներով հանդերձ,
11 մինչև արքան քեզ իր գիրկն ընդունի։
Հարսն ասում է ինքն իրեն և փեսային.
12 Իմ նարդոսն արձակեց իր հոտը,
ստաշխի ծրար է ինձ համար իմ եղբորորդին,
որը պիտի հանգստանա իմ ստինքների մեջ։
13 Նոճու ողկույզ է ինձ համար իմ եղբորորդին՝
Ենգադդի այգեստանների մեջ։
Փեսան ասում է հարսին.
14 Ահավասիկ գեղեցիկ ես, մերձավո՛ր իմ,
ահավասիկ գեղեցիկ ես.
քո աչքերն աղավնիներ են։
Հարսն ասում է փեսային.
15 Ահա բարետես ես, սիրեցյա՛լ իմ,
նաև գեղեցիկ մեր հանգստարանի հովանու ներքո։
16 Մեր տան գերանները մայրիներ են,
մեր ծածկերը՝ նոճիներ։
Փեսան ասում է ինքն իրեն և հարսին.
1 Ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների շուշան։
2 Ինչպես շուշանը՝ փշերի մեջ,
այնպես և իմ քույրը՝ աղջիկների մեջ։
Հարսն ասում է փեսային.
3 Ինչպես խնձորենին՝ անտառի ծառերի մեջ,
այնպես է իմ եղբորորդին [եբր․ սիրելին]՝ տղաների մեջ։
Նրա հովանու տակ նստել ցանկացա և նստեցի.
և նրա պտուղը քաղցր է իմ կոկորդում։