Oրվա ընթերցվածք
Ծննդոց 8.6-11
6 Քառասուն օր յետոյ Նոյը բացեց իր կառուցած տապանի պատուհանը: 7 Նա արձակեց մի ագռաւ, որը գնաց, բայց չվերադարձաւ, մինչեւ որ ջուրը ցամաքէր երկրի վրայից: 8 Յետոյ նա արձակեց մի աղաւնի՝ տեսնելու, թէ ջրերը քաշուե՞լ են երկրի երեսից: 9 Աղաւնին, իր ոտքը դնելու տեղ չգտնելով, վերադարձաւ նրա մօտ՝ տապան, որովհետեւ ջուրը դեռ ծածկել էր ողջ երկիրը: Նոյը երկարեց ձեռքը, բռնեց նրան եւ բերեց իր մօտ՝ տապան: 10 Նա սպասեց եւս եօթ օր ու տապանից դարձեալ արձակեց աղաւնուն: 11 Աղաւնին նրա մօտ վերադարձաւ երեկոյեան: Նրա կտուցին ձիթենու մի շիւղ կար:
Իմաստություն Սողոմոնի 1.5-7
5 Իմաստուն եւ անբիծ հոգին փախչում է նենգութիւնից ու մերժում անմիտների խորհուրդները, եւ երբ անիրաւութիւն է վրայ հասնում, յանդիմանում է այն: 6 Իմաստուն եւ մարդասէր հոգին չի արդարացնում նրան, ով հայհոյում է իր բերանով, որովհետեւ Աստուած վկայ է նրա ներքին ցանկութիւններին, նրա սրտի ճշմարիտ վերակացուն է եւ նրա լեզուի ունկնդիրը: 7 Արդարեւ, Տիրոջ Հոգին լցնում է տիեզերքը, եւ նա, որ պահում է ամէն ինչ, գիտէ, թէ ով ինչ է բարբառում:
Գործք առաքելոց 13.1-5
1 Անտիոքում գտնուող եկեղեցում կային մի քանի մարգարէներ եւ ուսուցիչներ՝ Բառնաբասը եւ Շմաւոնը, որ կոչւում էր Նիւգեր, Ղուկիոս Կիւրենացին, Մանայենը, որ Հերովդէս չորրորդապետի դայեկորդին էր, եւ Սօղոսը: 2 Մինչ նրանք Տիրոջ պաշտամունքի մէջ էին եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Բառնաբասին եւ Սօղոսին առանձնացրէ՛ք ինձ համար, որ անեն այն գործը, որին ես նրանց կոչել եմ»: 3 Այն ժամանակ ծոմ պահելով եւ աղօթելով՝ ձեռք դրեցին նրանց վրայ եւ ուղարկեցին: 4 Ուստի նրանք, Սուրբ Հոգուց ուղարկուած, իջան Սելեւկիա եւ այնտեղից նաւարկեցին դէպի Կիպրոս: 5 Եւ Սալամինա հասնելով՝ հրեաների ժողովարաններում Աստծոյ խօսքն էին քարոզում:
Ավետարան ըստ Հովհաննեսի 1.29-34
29 Հետեւեալ օրը նա տեսաւ Յիսուսին, որ գալիս էր դէպի իրեն, ու ասաց. «Ահա՛ Գառն Աստծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը: 30 Սա է նա, որի մասին ես ասում էի՝ իմ յետեւից գալիս է մէկը, որ ինձնից առաջ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար: 31 Եւ ես չէի ճանաչում նրան, բայց որպէսզի յայտնի լինի Իսրայէլին, դրա համար ես եկայ ջրով մկրտելու»: 32 Յովհաննէսը վկայեց եւ ասաց. «Տեսայ Հոգին, որ իջնում էր երկնքից որպէս աղաւնի եւ հանգում նրա վրայ: 33 Եւ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ինձ ասաց. “Ում վրայ տեսնես, որ Հոգին իջնում եւ մնում է, նա է, որ մկրտում է Սուրբ Հոգով”: 34 Եւ ես տեսայ ու վկայեցի, թէ սա է Աստծոյ Որդին»:
Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 1.18-25
18 Արդարեւ, Աստծոյ բարկութիւնը երկնքից յայտնուելու է մարդկանց ամբողջ անհաւատութեան եւ անիրաւութեան վրայ, քանի որ նրանք ճշմարտութիւնը անիրաւութեամբ են բռնած պահում: 19 Ինչ որ կարելի է իմանալ Աստծոյ մասին, յայտնուած է նրանց, քանզի Աստուած ինքը յայտնեց այն նրանց. 20 արդարեւ, ի սկզբանէ աշխարհի Աստծոյ աներեւոյթ յատկութիւնները, այն է՝ նրա մշտնջենաւորութիւնը եւ զօրութիւնը եւ Աստուածութիւնը, իմանալի կերպով տեսանելի են նրա ստեղծածների մէջ. այնպէս որ ամենեւին արդարանալ չեն կարող. 21 որովհետեւ ճանաչեցին Աստծուն, բայց իբրեւ Աստուած չփառաւորեցին կամ գոհութիւն չմատուցեցին նրան, այլ իրենց մտածումների մէջ նանրացան, եւ նրանց սրտերը անմտութեամբ խաւարեցին: 22 Իրենք իրենց իմաստունների տեղ էին դնում եւ յիմարացան: 23 Եւ անեղծ Աստծոյ փառքը փոխեցին՝ այն նմանեցնելով մարդու եղծելի պատկերի եւ թռչունների եւ չորքոտանիների եւ սողունների: 24 Դրա համար, ըստ իրենց սրտերի ցանկութեան, Աստուած նրանց մատնեց պղծութեան, որ անարգեն իրենց մարմինները իրենք իրենց մէջ. 25 նրանք փոխանակեցին Աստծոյ ճշմարտութիւնը ստով, հնազանդուեցին ու պաշտեցին արարածներին եւ ոչ՝ Արարչին, որ օրհնեալ է յաւիտեանս: Ամէն:
Ավետարան ըստ Մատթեոսի 8.5-13
5 Կափառնայում մտնելիս նրան մօտեցաւ մի հարիւրապետ. աղաչում էր նրան 6 եւ ասում. «Տէ՛ր, ծառաս տանը անդամալոյծ ընկած է եւ չարաչար տանջւում է»: 7 Յիսուս նրան ասաց. «Ես կգամ եւ կբժշկեմ նրան»: 8 Հարիւրապետը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, ես արժանի չեմ, որ դու իմ յարկի տակ մտնես. այլ խօսքով ասա՛, եւ իմ ծառան կբժշկուի. 9 քանի որ ես էլ իշխանութեան տակ եղող մարդ եմ, ինձ ենթակայ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, եւ մի ուրիշին թէ՝ ե՛կ, եւ գալիս է. եւ իմ ծառային թէ՝ արա՛ այս, եւ անում է»: 10 Երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ եւ իր հետ գնացողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի մէջ իսկ այսպիսի հաւատ չգտայ երբեք: 11 Բայց ասում եմ ձեզ, որ արեւելքից եւ արեւմուտքից շատերը պիտի գան ու երկնքի արքայութեան մէջ սեղան պիտի նստեն Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ. 12 իսկ արքայութեան որդիները պիտի ելնեն արտաքին խաւարը. այնտեղ պիտի լինի լաց եւ ատամների կրճտում»: 13 Եւ Յիսուս հարիւրապետին ասաց. «Գնա՛, եւ ինչպէս հաւատացիր, այնպէս թող լինի քեզ»: Եւ այդ նոյն ժամին նրա ծառան առողջացաւ:
Ավետարան ըստ Մատթեոսի 3.16-4.2
16 Եւ երբ Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ. եւ ահա երկինքը բացուեց նրան, եւ նա տեսաւ Աստծոյ Հոգին, որն իջնում էր ինչպէս աղաւնի եւ գալիս էր իր վրայ: 17 Եւ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»: 4 1 Դրանից յետոյ Յիսուս անապատ տարուեց Հոգուց՝ սատանայից փորձուելու: 2 Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց: