Oրվա ընթերցվածք

Oրվա ընթերցվածք

  •    2025-01-09

Ավետարան ըստ Հովհաննեսի 1.1-17


1 Սկզբից էր Բանը եւ Բանը Աստծոյ մօտ էր եւ Բանը Աստուած էր: 2 Նա սկզբից Աստծոյ մօտ էր: 3 Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրա չեղաւ ոչինչ, որ եղել է: 4 Կեանքը նրանով էր: Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր: 5 Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց: 6 Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկուած. նրա անունը՝ Յովհաննէս: 7 Սա եկաւ որպէս վկայ, որպէսզի վկայի Լոյսի մասին, որ բոլորը նրա միջոցով հաւատան: 8 Ինքը լոյսը չէր, այլ եկել էր, որ վկայի Լոյսի մասին: 9 Նա էր ճշմարիտ Լոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ: 10 Նա աշխարհի մէջ էր, եւ աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց: 11 Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին: 12 Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծոյ որդիներ, նրանց, որոնք իր անուանը կհաւատան: 13 Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարմնի կամքից եւ ո՛չ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին: 14 Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը՝ նման այն փառքին, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ: 15 Յովհաննէսը վկայում էր նրա մասին, աղաղակում եւ ասում. «Սա է, որի մասին ասացի: Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից առաջ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար»: 16 Մենք բոլորս նրա լրիւութիւնից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարէն. 17 որովհետեւ օրէնքը Մովսէսի միջոցով տրուեց, իսկ շնորհը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի միջոցով եղան:


Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 4.1-7


1 Այս բանն եմ ասում. որքան ժամանակ որ ժառանգը երեխայ է, աւելին չէ, քան ծառան, թէպէտ եւ ամէն ինչի տէր է: 2 Բայց նա խնամակալների եւ վերակացուների ձեռքի տակ է մինչեւ հօր սահմանած ժամանակը: 3 Նոյնպէս եւ՝ մենք. մինչ երեխայ էինք, բնութեան տարերային ուժերին էինք ծառայում: 4 Իսկ երբ ժամանակը իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնուեց կնոջից եւ մտաւ օրէնքի տակ 5 փրկելու համար նրանց, որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրութիւն ընդունենք: 6 Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստուած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր: 7 Ուստի ծառայ չես, այլ՝ որդի, եւ եթէ որդի ես, ապա եւ՝ ժառանգ Աստծոյ:


Ավետարան ըստ Ղուկասի 1.26-38


26 Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծոյ կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր, 27 մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից: Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր: 28 Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»: 29 Իսկ նա այս խօսքերի վրայ խռովուեց եւ մտքում խորհում էր, թէ ինչ բան էր այս ողջոյնը: 30 Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: 31 Եւ ահա դու կյղիանաս եւ կծնես մի Որդի ու նրա անունը Յիսուս կդնես: 32 Նա մեծ կլինի եւ Բարձրեալի Որդի կկոչուի: Եւ Տէր Աստուած նրան կտայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կթագաւորի Յակոբի տան վրայ, 33 ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»: 34 Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպէ՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: 35 Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. «Սուրբ Հոգին կգայ քեզ վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կլինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծոյ Որդի կկոչուի: 36 Եւ ահա քո ազգական Եղիսաբեթը՝ նա եւս յղի է իր ծերութեան մէջ, եւ սա յղիութեան վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչուած. 37 որովհետեւ Աստծոյ համար անկարելի բան չկայ»: 38 Եւ Մարիամն ասաց. «Ահաւասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը. թող քո խօսքի համաձայն լինի ինձ»: Եւ հրեշտակը հեռացաւ նրանից: