Oրվա ընթերցվածք
Պողոս առաքեալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին 5.1:11
Պատրաստ լինել Տիրոջ գալստյանը
1 Ինչ վերաբերում է ժամերին ու ժամանակներին, եղբայրնե՛ր, ապա ձեզ որևէ բան գրելու կարիք չկա, 2 որովհետև դուք ինքներդ ստույգ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է այնպես, ինչպես գողն է գալիս գիշերով։ 3 Երբ ասեն, թե՝ խաղաղություն ու ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի նրանց վրա կգա կործանումը, ինչպես երկունքն է գալիս հղի կնոջ վրա, և ազատում չեն ունենալու։ 4 Բայց դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ այդ օրը ձեզ վրա հասնի գողի նման, 5 որովհետև դուք ամենքդ լույսի որդիներ եք և ցերեկվա որդիներ։ Գիշերինը չենք, ոչ էլ խավարինը։ 6 Ուստի ուրիշների պես քնով չընկնենք, այլ արթուն ու զգաստ լինենք։ 7 Որովհետև ովքեր քնում են, գիշերն են քնում, և ովքեր հարբում են, գիշերն են հարբում։ 8 Իսկ մենք, որ ցերեկվանն ենք, արթուն լինենք, հագնենք հավատի ու սիրո զրահները և դնենք փրկության հույսի սաղավարտը. 9 որովհետև Աստված մեզ չսահմանեց բարկության համար, այլ փրկության ձեռք բերման՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, 10 որ մեռավ մեզ համար, որպեսզի արթուն լինենք թե քնենք, նրա հետ ապրենք։ 11 Ուստի քաջալերե՛ք միմյանց և ամրապնդե՛ք մեկդ մյուսին, ինչպես արդեն անում եք։
Ավետարան ըստ Ղուկասի 13.10:17
Կուչ եկած կնոջ բժշկումը շաբաթ օրով
10 Մի շաբաթ օր Հիսուսը մի ժողովարանում ուսուցանում էր։ 11 Եվ ահա այնտեղ կար մի կին, որին չար դևը տասնութ տարի բռնած էր պահում. կուչ էր եկած ու ամենևին վեր նայել չէր կարողանում։ 12 Հիսուսը, նրան տեսնելով, կանչեց իր մոտ և ասաց. «Ո՛վ կին, բժշկված ես քո հիվանդությունից»։ 13 Ձեռքը դրեց նրա վրա, և նույն ժամին հիվանդն ուղղվեց ու Աստծուն փառք էր տալիս։ 14 Ժողովրդապետը բարկացավ, թե ինչո՛ւ Հիսուսը շաբաթ օրով բուժեց, և ասաց ժողովրդին. «Վեց օր կա, երբ արժան է գործել, ա՛յդ օրերին եկեք բուժվեք և ոչ թե շաբաթ օրը»։ 15 Տերը նրան պատասխանեց՝ ասելով. «Կեղծավորնե՛ր, ձեզնից յուրաքանչյուր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում և չի՞ տանում ջուր տալու։ 16 Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա տասնութ տարի կապել էր, մի՞թե արժանի չէր շաբաթ օրով արձակել նրան կապանքներից»։ 17 Եվ երբ այս ասաց, ամաչեցին նրանք, որոնք հակառակվում էին նրան. իսկ ամբողջ ժողովուրդն ուրախանում էր այն բոլոր փառավոր գործերի համար, որ կատարվում էին Հիսուսի կողմից։