Oրվա ընթերցվածք
Պողոս առաքեալի թուղթը հռոմեացիներին 7․1-12
Քրիստոնյայի ազատագրումն Օրենքից
1 Թե չգիտե՞ք, եղբայրնե՛ր,- Օրենքին գիտակ մարդկանց եմ ասում,- որ Օրենքը տիրում է մարդուն այնքան ժամանակ, քանի դեռ նա ողջ է։ 2 Ամուսնացած կինն Օրենքով կապված է իր ամուսնուն նրա կենդանության ժամանակ, իսկ եթե ամուսինը մեռնի, արձակված է ամուսնական կապից։ 3 Ապա ուրեմն, քանի դեռ ամուսինը ողջ է, շնացող կհամարվի, եթե ուրիշ տղամարդու կին դառնա։ Իսկ եթե ամուսինը մեռնի, ազատ է ամուսնական կապից և եթե ուրիշ տղամարդու կին դառնա, շնացող չի համարվի։ 4 Ճիշտ նույն ձևով դուք էլ, եղբայրնե՛ր, Քրիստոսի մարմնի միջոցով մեռաք Օրենքի հանդեպ, որպեսզի պատկանեք ուրիշին, այսինքն՝ նրան, ով մեռելներից հարություն առավ, որպեսզի պտղաբեր լինենք Աստծու համար։ 5 Քանի որ մինչ մեղանչական բնության համաձայն էինք ապրում, մեղսալի կրքերը, որ Օրենքից էին, զորանում էին մեր անդամների մեջ՝ մեզ պտղաբեր դարձնելու մահվան համար։ 6 Բայց հիմա ազատված ենք Օրենքից, որովհետև մեռանք այն բանի հանդեպ, որի գերին էինք, որպեսզի ծառայենք Հոգու նորոգությամբ և ոչ թե գրի հնությամբ։
Օրենք և մեղք
7 Արդ ի՞նչ ասենք, Օրենքը մե՞ղք է։ Քա՛վ լիցի։ Բայց մեղքը չէի ճանաչի, եթե ոչ Օրենքի միջոցով, և ցանկությունը չէի ճանաչի, եթե Օրենքը չասեր՝ «Մի՛ ցանկացիր»։ 8 Պատվիրանը մեղքի պատճառ դարձավ, իմ մեջ ամեն տեսակ ցանկություն առաջացրեց, որովհետև առանց Օրենքի մեղքը մեռած է։
9 Ես էլ մի ժամանակ ապրում էի առանց Օրենքի, բայց երբ պատվիրանն ինձ հասավ, մեղքը կյանք առավ, 10 և ես մեռա։ Նույն այդ պատվիրանը, որ կյանքի համար էր, իմ մահվան պատճառ դարձավ, 11 որովհետև պատվիրանը մեղքի առիթ դարձավ, խաբեց ինձ և նրանով էլ սպանեց։ 12 Հետևաբար, Օրենքը սուրբ է, պատվիրանն էլ սուրբ է, արդար ու բարի։