Oրվա ընթերցվածք

Oրվա ընթերցվածք

  •    2024-11-15

Պողոս առաքեալի թուղթը եփեսացիներին 6.13-24

 

13Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք հետ մղել չարին չար օրում և ամեն բան կատարելուց հետո հաստատուն մնալ։ 14Ամո՛ւր կանգնեք տեղում՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտեպնդելով, արդարությունը՝ որպես զրահ հագնելով, 15խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությամբ ձեր ոտքերին ամրացնելով։ 16Եվ այս ամենի վրա առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։ 17Վերցրե՛ք նաև փրկության սաղավարտը և Սուրբ Հոգու սուսերը, այսինքն՝ Աստծու խոսքը։ 18Անդադար աղոթե՛ք ամեն տեսակ աղոթքներով ու խնդրանքներով Հոգու օգնությամբ, և սրա համար արթո՛ւն մնացեք կատարյալ հարատևությամբ և խնդրանքներով, բոլոր սրբերի համար։ 19Նաև ինձ համար, որպեսզի ինձ խոսք տրվի՝ բացելու բերանս և համարձակությամբ հայտնելու Ավետարանի խորհուրդը, 20որի պատգամավորն եմ կապանքների մեջ, որպեսզի այն կարողանամ համարձակությամբ քարոզել, որ իմ պարտականությունն է։

Վերջին ողջույններ

21Բայց որպեսզի դուք էլ ինձնից իմանաք, թե ի՛նչ եմ անում, ամեն ինչ ձեզ կպատմի Տյուքիկոսը՝ սիրելի եղբայրը և հավատարիմ սպասավորը Տիրոջով։ 22Նրան այդ նպատակով ուղարկեցի ձեզ մոտ, որպեսզի տեղեկություն ունենաք մեր մասին և մխիթարվեք։

23Խաղաղությո՜ւն եղբայրներին և սե՜ր հավատով հանդերձ՝ Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։ 24Շնո՜րհը բոլոր նրանց հետ, ովքեր սիրում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին անեղծ սիրով։


Ավետարան ըստ Ղուկասի 9.37-44

 

Լուսնոտ երեխայի բժշկումը

(Մտթ. 17.14-21, Մրկ. 9.14-29)

 

37Հաջորդ օրը, երբ նրանք իջնում էին լեռից, Հիսուսին ընդառաջ գնաց մի մեծ բազմություն։ 38Եվ ահա ժողովրդի միջից մի մարդ աղաղակեց և ասաց. «Վարդապե՛տ, աղաչում եմ քեզ, նայի՛ր իմ որդուն, որովհետև իմ միակն է։ 39Ահա չար ոգին զարկում է նրան, և որդիս հանկարծակի սկսում է ճչալ։ Ոգին սաստիկ ցնցում է նրան, թավալեցնում, փրփրեցնում, դժվարությամբ է հեռանում նրանից՝ խորտակելով նրան։ 40Ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն չար ոգուն, բայց նրանք չկարողացան»։ 41Հիսուսը պատասխանեց և ասաց. «Ո՛վ անհավատ և մոլորված սերունդ, մինչև ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ և ձեզ հանդուրժեմ. բե՛ր այստեղ քո որդուն»։ 42Եվ մինչ նա մոտենում էր, դևը գետին խփեց նրան ու ցնցեց։ 43Հիսուսը սաստեց պիղծ ոգուն, բժշկեց մանկանը և տվեց նրան նրա հորը։ 44Եվ ամենքը զարմանում էին Աստծու մեծության վրա։